Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան

Բելգիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը՝ չերաշխավորելով քաղաքացիների տարհանման հնարավորությունը իրավիճակի սրման դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: 

«Ուկրաինայի ողջ տարածքում կտրականապես խորհուրդ չեն տրվում ուղևորությունները: Խստորեն խորհուրդ է տրվում լքել երկիրը այն քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«2021 թվականի նոյեմբերից ի վեր Ուկրաինայի՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լարվածությունն աճում է, իրավիճակը ծայրաստիճան անկանխատեսելի է, և խորհուրդ ենք տալիս տեղյակ լինել տեղում տիրող իրավիճակին»,- նշել է նախարարությունը: 

«Պետք է հաշվի առնել, որ իրավիճակի հանկարծակի վատթարացման դեպքում Ուկրաինայում կարող են խաթարվել կապը, այդ թվում՝ հեռախոսը և ինտերնետը: Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ օդանավակայանների շահագործման վրա և խոչընդոտել օդային երթևեկությանը», – ասվում է հաղորդագրության մեջ: 

Բելգիայի ԱԳՆ-ն նաև զգուշացնում է քաղաքացիներին, որ Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում տարհանումը չի կարող երաշխավորվել, ուստի խորհուրդ է տրվում լքել երկիրը, քանի դեռ դա հնարավոր է։

Ավելի վաղ ԵՄ-ն թույլ է տվել Ուկրաինայում իր ներկայացուցչության ոչ հիմնական անձնակազմին լքել երկիրը։ Միաժամանակ Եվրամիության արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ասել է, որ անձնակազմի տարհանման մասին դեռ խոսք չկա։

Ուկրաինան լքելու անհրաժեշտության մասին հայտարարել է նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Նա փետրվարի 11-ի երեկոյան վիրտուալ հանդիպում է անցկացրել Արևմտյան երկրների հետ, որից հետո մի շարք պետություններ նմանատիպ առաջարկություններ են արել իրենց քաղաքացիներին։