Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր կառավարության նոր կառուցվածքը հաստատելու մասին, ինչպես նաև կատարել է որոշ կադրային փոփոխություններ ու նշանակումներ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ այդ կառուցվածքային ու կադրային փոփոխությունների նպատակը ոչ միայն պետական կառավարման տարբեր մարմինների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, այլև՝ քաղաքական լայն համախմբման ապահովումը և պետբյուջեի ծախսերի հանդեպ վերահսկողության ու թափանցիկության մակարդակի բարձրացումը:
«Այդ տեսանկյունից կուզեի հատուկ ընդգծել, որ, բացի երկու նախարարների և մեկ շրջվարչակազմի ղեկավարի փոփոխությունից, նոր ձևավորվող նյութական վնասների հարցերի կոմիտեի և գնումների աջակցության կենտրոնի ղեկավարների պաշտոններում նշանակվել են գործող իշխանությունների հանդեպ ընդդիմադիր հայացքներով հայտնի և տվյալ ոլորտներին քաջածանոթ անձինք: Նյութական վնասների հարցերի կոմիտեն զբաղվելու է առաջին հերթին պատերազմի վնասներին առնչվող աջակցության ծրագրերով՝ խնդիր ունենալով շարունակել մեկնարկած գործընթացը՝ միևնույն ժամանակ ապահովելով դրա արդարացիության, թափանցիկության ու արդյունավետության շարունակական բարելավումը: Բացի դրանից, այդ կոմիտեն կանոնակարգելու և կառավարելու է տարաբնույթ ոլորտներում ֆիզիկական ու իրավաբանական անձանց վնասների փոխհատուցման ու պետական աջակցության ծրագրերը: Իսկ ահա գնումների աջակցության կենտրոնի վրա դրված կարևոր պարտականություններ ու լիազորություններ կան՝ արդյունավետորեն ու թափանցիկորեն կազմակերպելու պետական գնումները: Ինչպես հայտարարել եմ, պետական բյուջեի ծախսերը պետք է կատարվեն ամբողջովին կանոնակարգված, հիմնավոր ու թափանցիկ կերպով, և այդ առումով գնումների աջակցության կենտրոնը մեծ անելիք ունի»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Մեկ այլ կառուցվածքային փոփոխություն է նախագահի վերահսկողական ծառայության վերակազմակերպումը պետական վերահսկողական ծառայության, որի նպատակը վերահսկողական մեխանիզմների ու կարողությունների ուժեղացումն ու ընդլայնումն է՝ հաշվի առնելով հանրային ու քաղաքական լայն պահանջը:
Վերջին օրերին մեկնարկել են նաև նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված են և՛ մասնագետներ ու լիազոր մարմինների ղեկավարներ, և՛ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ խոշոր առումով կայացել է քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների հետ իմ գլխավորած իշխանության համագործակցության օրակարգի՝ դեկտեմբերին մեկնարկած այս փուլը: Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կառավարման համակարգի արդյունավետության ու ներառականության մակարդակի բարձրացման և քաղաքական գործընթացների կայունության ապահովման գործում: Այդ ճանապարհին ես ակնկալում եմ բոլոր կարողունակ ու սրտացավ ուժերի համախմբում՝ ամբողջովին բաց լինելով կառուցողական առաջարկների քննարկման ու համագործակցության համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը: