#InterCheck. Էյնշտեյնի վարորդն ու Ղազախստանում ՊՇՌ թեստերի էժան գները․ FIP.am

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Factcheck.kz կայքից ղազախստանցի փաստեր ստուգողները ստուգել են խորհրդարանի պատգամավոր Գանի Խամզինի հայտարարությունը, թե Ղազախստանում հարևան երկրների հետ համեմատ ՊՇՌ թեստերն ավելի էժան են, ինչի հետևանքով քաղաքացիների ֆինանսական վիճակի վրա բացասական է ազդում մինչև երկիր մուտք գործելը թեստի հանձնումը: Փաստեր ստուգողները համեմատել են տարբեր երկրների թեստերի արժեքները և պարզել, որ պատգամավորի ասածը ճիշտ է: Ղազախստանում կորոնավիրուսի թեստերի արժեքը տատանվում է 4935-7500 տենգեի սահմանում ($12-18), մինչդեռ այլ երկրներում այդ գինը սկսվում է 18 դոլարից՝ հասնելով 350-ի, այսինքն՝ օդանավակայանում թեստի պատասխան ներկայացնելը ձեռնտու չէ Ղազախստանի քաղաքացիների համար:

Վրացական Factcheck.ge-ն ուսումնասիրել է համացանցում տարածվող գրառումը, թե իբր Օքսֆորդի համալսարանի ուսումնասիրության համաձայն, պատվաստված մարդիկ 251 անգամ ավելի շատ են վարակվում: Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ իրականում հետազոտության բնագրում գիտնականները համեմատել են Ուհանի և Դելտա շտամների վարակելիության արագությունները ու գտել, որ Դելտան 251 անգամ ավելի արագ է տարածվում: 

Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվող լուսանկարը, որը, ըստ օգտատերերի, պատկերում էր, թե ինչպես է հռչակավոր ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը տեղերով փոխվում իր վարորդի հետ: Իրականում սա մեկ այլ առասպելի վերապատմում է: Ադրբեջանցի փաստեր ստուգողները գտել էին նմանատիպ հեքիաթ, որում մի հոգևորական դերերով փոխվել էր իր ծառայի հետ, և եզրակացրել, որ այս պատմությունը միֆ է: 

Միջազգային 

Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Մեծ Բրիտանիայի Վիճակագրության գրասենյակի տվյալների համաձայն, պատվաստումը բարձրացնում է մահացության մակարդակը երեխաների շրջանում: Հենց գրասենյակը փաստեր ստուգողներին հայտնել էր, որ պնդումն ապակողմնորոշիչ է և Մեծ Բրիտանիայում 35-ից ցածր տարիքային խմբում որևէ մարդ չի մահացել պատվաստման հետևանքով: Պատվաստված երեխաների շրջանում մահացությունը բարձր է այլ պատճառներով, քանի որ ռիսկային խմբում գտնվող երեխաներն ավելի շատ են պատվաստվում: 

Ամերիկացի փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնին ուղղված մեղադրանքները, թե վերջինս լրտեսել է հանրապետական նախագահին և կեղծ ապացույցներ հորինել, որոնք կարող էին տպավորություն ստեղծել, թե Թրամփը Ռուսաստանի հետ կասկածելի կապ է ունեցել: Թրամփի աջակիցները հղում էին անում Քլինթոնի քարոզարշավի հետ կապված փաստաբանի դեմ գործով հատուկ դատախազ Ջոն Դուրհեմի հայտարարությանը: Politifact-ի փաստեր ստուգողները գտել էին, որ դատախազի հայտարարությունում նման պնդում չկա և որ Թրամփի աջակիցները ստում են: