Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. վարչապետ

Վրաստանի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների գործադրմանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ծանոթացել ենք մեր միջազգային գործընկերների գործողություններին, որոնք հետևել են ռազմական գործողությունների մեկնարկին: Նկատի ունեմ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ: Ես ցանկանում եմ հստակ ու միանշանակ հայտարարել՝ Վրաստանը հաշվի առնելով իր ազգային շահերը, չի պատրաստվում մասնակից լինել այդ պատժամիջոցների գործադրմանը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Նկատենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը մեկնարկել է փետրվարի 24-ին վաղ առավոտյան, երբ ռուսական զինված ուժերը ներխուժեցին ուկրաինական մի շարք քաղաքներ, բնակավայրեր: Ռազմական այդ գործողություններին Արևմուտքը արձագանքեց Ռուսաստանի դեմ ֆինանսական որոշ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամությամբ: Շատ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, հայտարարեցին, որ սառեցվում են ռուսական մի շարք ֆինանսական կազմակերպությունների ակտիվները, ռուս մեծահարուսների բանկային հաշիվները: