Արցախահությունը, դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը․ հայտարարություն

ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։

Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։

Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի  և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու  միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են  հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։

Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով  Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի  հետ վերադարձը ելման դիրքեր։

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»

«Միասնական հայրենիք»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»