«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը
– Տիկի՛ն Պետրոսյան, վարակը տարածվում է, զուգահեռ պատվաստումներ են իրականացվում, ավելին՝ մեկնարկել է նաև անչափահասների պատվաստման գործընթացը: Հետևո՞ւմ եք, արդյոք գոհացուցի՞չ են արդյունքները:
– Պատվաստումները նրա համար են, որ առողջապահական համակարգի վրա ընկած բեռը թեթևացնեն: Շատ կազմակերպություններ, առողջապահության նախարարության հետ մեկտեղ, մեծ ջանքեր են գործադրել և գործադրում, որ մեր բնակչությունն իրազեկված լինի պատվաստումային գործընթացի, պատվաստումների օգուտների ու դրա շուրջ տարածվող միֆերի մասին: Բազմաքանակ պոստերներ ու սոցիալական գովազդային տեսահոլովակներ են հրապարակվել, մասնագետները տվել են հարյուրավոր հարցազրույցներ՝ փորձելով ամեն ինչ անել, որ բնակչությանը հասանելի լինեն միայն գիտական տվյալներ պատվաստումների մասին:
Բայց, ցավոք, դեռևս կան մարդիկ, որ հավատում են ընդհանրապես գիտական հիմք չունեցող միֆերին: Նրանք փոխանակ ընտրելու այս ապահով ճանապարհը՝ զերծ մնալու քովիդ կոչվող դժոխքից, ցավոք, չեն պատվաստվում, հիվանդանում են, ու արդյունքները ծանր են լինում:
Պատվաստումների ցածր ցուցանիշներ ունեն մի քանի հետխորհրդային երկրներ, և, հնարավոր է՝ մեր անցյալի բժշկական կրթությունը միգուցե այնքան ուժեղ չեն, որ նման խնդրի առաջ են կանգնում մեր երկրները:
Իհարկե, ցավոք, սա նաև քաղաքականացված թեմա է, և պատվաստման թեման դարձել է քաղաքական շահարկումների նյութ: Դրա պատճառով շատ անպատասխանատու մարդիկ են ելույթ ունենում ու մոլորեցնում քաղաքացիներին: Ավելին, այդ մոլորեցնողները երբեմն ունեն բժշկի դիպլոմ, բայց նրանց ես չեմ կարող բժիշկ համարել:
Բժշկի հիմնական կարգախոսն է՝ մի՛ վնասիր, իսկ այս դեպքում, երբ մարդկանց մոլորեցնում են, դա մեծ վնաս է՝ կարող է մարդկային կյանքեր արժենալ:
– Դուք մեր զրույցի ընթացքում ասացիք, որ որոշ մարդիկ միֆեր տարածելու համար գումարներ են ստանում: Իսկապե՞ս այդպես է, դուք ունե՞ք փաստեր, թե՞ պարզապես ենթադրում եք:
– Ես դա լսել եմ բազմաթիվ լրագրողներից, եթե կոնկրետ փաստեր ունենայի, անձամբ կհայտնեի ԱԱԾ-ին, քանի որ դա իմ պարտքն եմ համարում: Ես ուղղակի լսել եմ, որ բազմաթիվ մարդիկ մեծ գումարներ են վաստակում:
Բայց, պնդում եմ՝ պատվաստումների գործընթացը քաղաքական շահարկումների թեմա է դարձել, քանի որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու քաղաքական որոշ շրջանակներին հարող գործիչներ ելույթ են ունենում պատվաստումների դեմ, ինչը բերում է ողբերգական հետևանքների՝ մենք ունենում ենք բազում մարդկային կորուստներ:
Մարդկային կյանքը մի թեմա է, որ ոչ մեկն իրավունք չունի քաղաքական նպատակներով շահարկել:
– Ի՞նչ միֆեր են տարածվում, տիկի՛ն Պետրոսյան, որ կուզեիք ցրել:
– Նախ՝ միֆեր տարածողները չեն օգտվում վստահելի, գիտական հիմքեր ունեցող աղբյուրներից: Ես հորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ո՛վ է այդ մարդը, որ խոսում է պատվաստման դեմ, արդյոք ունի՞ շահերի բախում այդ ելույթն ունենալու համար, արդյոք օգտագործո՞ւմ է վստահելի, գիտական աղբյուր: Շահարկողները և միֆեր տարածողները ուղղակի կարող են օդի մեջ մի բան տարածել, որի աղբյուրն անհայտ է:
Իսկ նորմալ մասնագետները մարդկանց հետ խոսում են փաստարկներով, բերում են գիտահետազոտական աշխատանքների օրինակներ, բերում են հետազոտություններ, ապացույցներ միջազգային մասնագիտական կառույցներից, ապա կարող եք այդ մարդկանց խոսքին վստահել:
Բժիշկը կախարդական փայտիկ չէ, կարող է ինչ-որ մեկը վեր կենալ ու ասել՝ ես բժիշկ եմ: Ստուգեք՝ արդյոք այդ մարդը բժի՞շկ է, արդյոք այդ մարդը համակարգի հետ խնդի՞ր ունի, արդյոք այդ մարդուն աշխատանքից հեռացրե՞լ են, և նա այդ պատճառով աղավաղված ելույթներ է ունենում:
Չարչրկված միֆ է, որ պատվաստումն ազդում է վերարտադրողական առողջության վրա: Բազմաթիվ մասնագետներ՝ նաև հենց վերարտադրողական առողջության ոլորտից, վկայակոչում են եվրոպական, ամերիկյան հեղինակավոր կառույցների հետազոտությունները, որ անհեթեթ միտք է պնդել, թե պատվաստումն ազդում է վերարտադրողական առողջության վրա: Միաժամանակ, ապացուցված փաստ է, որ COVID-19 հիվանդությունը, շեշտում եմ՝ ոչ թե պատվաստումը, այլ հիվանդությունը վերարտադրողական առողջության վրա ունենում է բացասական ազդեցություն:
Օրինակ՝ որոշ հետազոտություններ պարզել էին, որ COVID-19 հիվանդությունն ազդում է տղամարդկանց սերմնաբջիջների քանակի, նրանց շարժունակության վրա, ինչն էլ հանգեցնում է վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների: Այո՛, նույնիսկ տղամարդկանց էրեկտիլ ֆունկցիայի վրա կարող է ազդել COVID-19 հիվանդությունը:
– Ինչո՞ւ այդուհանդերձ հանրությունը չի վստահում քաղաքականություն մշակող, իրականացնող մարմիններին: Միգուցե շա՞տ են հակասական որոշումները, մարդիկ ընկնում են մոլորության մեջ, տարօրինակ համարում:
– Ոչ մի տարօրինակություն չկա: Ցանկացած որոշում իրականացվում է մասնագետների խմբի հետ բազմաթիվ քննարկումներից հետո: Ինչ վերաբերում է քաղաքականության փոփոխություններին, COVID-19 հիվանդությունը նոր է, նոր խնդիր է այս մոլորակի համար, և գիտական հանրույթը սկզբնական շրջանում ընդհանրապես տեղեկություններ չուներ:
Այս դեպքում ինչքան ավելի մոտիկից են ծանոթանում հիվանդության և վիրուսի հատկություններին, բնական է, որ քաղաքականությունը հաճախ փոփոխության է ենթարկվում՝ ելնելով իրավիճակից:
Դիմակի հետ կապված օրինակը. այն երկրներում, որոնցում կան պատվաստման բարձր ցուցանիշներ, որոշում կայացնողները հայտարարեցին, որ մարդիկ կարող են առանց դիմակի լինել: Հետո, երբ կորոնավիրուսի դելտա ենթատեսակը տարածվեց, հասկացան, որ դա ավելի վարակիչ է, ու երբեմն նաև պատվաստված մարդիկ կարող են վարակվել ու այն տարածել, այդ ժամանակ արդեն քաղաքականությունը փոխվեց:
Հասկանում եմ, որ տարակուսանք կա, բայց հասկացեք՝ որոշում կայացնողները մեղք չունեն, նրանք գործում են ըստ նորանոր գիտական տվյալների:
Պատվաստումների քիչ ծածկույթ ունեցող երկրներում վիրուսի նոր շտամի ի հայտ գալը կարող է մեծ ռիսկեր առաջացնել այն երկրների համար, որոնք ապահովել են պատվաստման նույնիսկ 90 տոկոս ծածկույթ, այդ իսկ պատճառով պետք է բոլոր երկրներն ապահովեն պատվաստումների ավելի ընդգրկուն ծածկույթ:
– Տիկի՛ն Պետրոսյան, դուք խստացումների, սահմանափակումների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
– Իհարկե, որովհետև, ցավոք, մեր երկրի փորձը ցույց է տալիս, որ խստացումների արդյունքում մարդիկ ավելի կանոնավոր են հետևում կանոններին և ավելի մեծ թվով մարդիկ են պատվաստումների գնում: Պետք է ճիշտ հասկանալ՝ սա այն դեպքն է, երբ անհատի շահը չի կարող գերակա լինել:
Մենք գործ ունենք վարակիչ հիվանդության հետ, և մեկ անհատի ազատությունը կարող է արժենալ դիմացի մի քանիսի կյանքը՝ կարող են մարդիկ մահանալ կամ ունենալ հիվանդության ծանր ընթացք: Երբ նժարին դրված են մեկ մարդու ազատությունը և համայնքի առողջությունն ու կյանքի իրավունքը, ապա միանշանակ նժարը թեքվում է դեպի համայնքի կողմը:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am