«Ռաֆայելը մեր տան կյանքն էր, աստվածը, իրա նման երկրորդը չկա, չի ծնվի». որդեկորույս մայր՝ թագավոր բալիս տարան, կորցրեցին․․․

68-ամյա Էմմա Իվանյանը կրտսեր որդու մասին պատմելիս դժվարությամբ է կարողանում հուզմունքը զսպել, արցունքների միջից ասում է՝ Ռաֆայելը իրենց հույսն ու ապավենն էր, շունչն ու հոգին, ապրում էին Ռաֆայելով ու սրտատրոփ սպասում էին այն օրվան, երբ կտեսնեն որդու թագն ու պսակը, սակայն պատերազմը գլխիվայր շրջեց Նահապետյանների կյանքը:

«Մյուս էրեխեքս մեծացել էին, բոլորը սպասում էին իրա ամուսնությանը, ինքը խոստացավ, որ մինչև դեկտեմբերի վերջ կամուսնանա, ասեց՝ մինչև նոր տարի հարսը տուն կլինի, մեր մտքից ոչինչ չէր անցնի․․․

Հոկտեմբերի 4-ին զանգեցին ոստիկանությունից, ասեցին այդ չարագույժ բոթը։ Ես չէի հավատում, որ Ռաֆայելիս հետ նման բան կլինի։ Ռաֆայելը մեր տան կյանքն էր, աստվածը, իրա նման երկրորդը չկա, նա եզակի էր հազարի մեջ»,- ասում է մայրն ու կրկին հուզվում։

Ոստիկանության ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանը պատերազմն սկսվելուն պես մի խումբ ոստիկանների հետ մեկնել է Արցախ։ Հոկտեմբերի 3-ին որպես դասակի հրամանատար իր մարտական առաջադրանքն է կատարել՝ ջոկատին հասցնելով Շուշի։ 

Շուշիի մշակույթի տնից պետք է տեղափոխվեին սահման, սակայն հենց այդտեղ՝ մշակույթի տան մեջ, հոկտեմբերի 4-ին բալիստիկ հրթիռի ռմբակոծության հետևանքով Ռաֆայել Նահապետյանը զոհվել է։

Մայրն ասում է՝ անգամ մինչև պատերազմ սկսվելը սիրտը վատ կանխազգացում է ունեցել, շատ է անհանգստացել որդու համար։ Հուզմունքով է հիշում որդու խոսքը, երբ խնդրել է նրան, թե պատերազմ սկսվի՝ կռիվ չգնա. 

«Ասեցի՝ Ռաֆայելս, այնպես եմ դողում քո համար, թուրքը հանգիստ նստող չի, հանկարծ թուրքը վրա տվեց, դու կռիվ չգնաս: Ասեց՝ մա՛մ ջան, ես ի՛նչ գործ ունեմ Ղարաբաղ, ես ոստիկան եմ, հետո բռունցքը խփեց կրծքին, ասեց՝ բա ո՞վ պիտի գնա քեզ պաշտպանի, հենց ես պիտի գնամ քեզ պաշտպանեմ… էդ խոսքերը չեմ մոռանում,- պատմում է մայրն ու ասում, ինչ որդին մեկնել էր Արցախ, աչքից արցունքը չէր դադարում։ – Աչքիցս ջուրը գնում էր, վատ երազներ էի տեսնում, վերագրում էի պատերազմին, բայց չէի մտածում, որ իմ թագավոր բալի՝ Ռաֆայելիս հետ նման բան կլինի»։

Ծնողները Ռաֆայելի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 4-ի առավոտյան, որից հետո այլևս կապ հաստատել չեն կարողացել։

«Ժամը 11-ին զանգեց, խոսացինք, ձայնը ահաբեկված էր, ասեցի՝ Ռաֆայե՛լ ջան, ի՞նչ է պատահել, ասեց՝ լավ ենք, նորմալ է, ոչ մի բան, պապային լավ պահի, ես իմ գլուխը կպահեմ։ 

Ժամը 8-ին զանգեցինք, հեռախոսը ծնգաց, ամուսինս ասեց՝ անջատել ա հեռախոսը, բայց փաստորեն արդեն փլատակների տակ էր եղել հեռախոսը։ Ամբողջ Աշոցք գյուղը հաջորդ օրը գիտեր, ես՝ չէ, բայց ես երազներով մեռնում էի, տեղս չէի գտնում, իմ սիրտը զգում էր»։

Էմմա Իվանյանն ասում է՝ որդու կորուստը շատ ծանր հարված է եղել ծեր ամուսինների համար։ Մինչև այսօր էլ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց Ռաֆայելի, ապրում են անհույս ու աննպատակ․ «Հիմա ոչ մի բան չունենք՝ ոչ հավես, ոչ սիրտ, ոչ էլ նպատակ, նույնիսկ առողջություն, ուղղակի գոյատևում ենք, եթե թոռներս էլ չլինեն, նամանավանդ, մեծ որդուս նոր ծնված տղան՝ փոքրիկ Ռաֆայելիկը, որն արդեն համարյա մեկ տարեկան կլինի, չենք կարող շնչել, ապրում ենք նրանցով, Ռաֆայելիս փնտրելով երեխաների մեջ, նրա ընկերներով»։

Ռաֆայելը առանձնահատուկ էր և՛ տեսքով, և՛ գիտելիքներով, և՛ վարվեցողությամբ, և՛ բնավորությամբ, բազմակողմանի զարգացած էր, դեռ փոքր հասակից աչքի է ընկել իր բնածին տաղանդով՝ պատմում է որդու մասին մայրը։

«Օժտված էր բացառիկ ընդունակություններով: Դեռ 5 տարեկան էր, մատների վրա հազարավոր թվեր էր գումարում և հանում: Դպրոցական տարիներին մասնակցում էր օլիմպիադաների, նույնիսկ տնտեսագիտական մրցումների գնաց և հաղթեց: Ունի բազմաթիվ գովասանագրեր, պատվոգրեր ու շնորհակալագրեր»։

Ռաֆայելը դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո սովորել է Գյումրու ճարտարագիտական համալսարանի էլ.էներգետիկայի ֆակուլտետում, որը նույնպես գերազանց ավարտելուց հետո շարունակել է կրթությունը Երևանում ՝ մագիստրատուրա էլ. Էներգետիկայի բաժինը, որն էլ ավարտել գերազանցությամբ։ Մինչև մագիստրատուրան ավարտելը ծառայել է բանակում՝ մասնագիտանալով ՀՕՊ ծառայության մեջ՝ բանակից վերդառնալով գերազանցիկի կոչումով և մեդալով։ 

2017-ին նշանակվել է Գյումրու բարձրավոլտ Էլեկտրական ցանցերում որպես ավագ ինժեներ, 2018 թ․-ից աշխատանքի է անցել Աշոցքի ոստիկանության բաժանմունքում՝ որպես ավագ լեյտենանտ, համայնքային տեսուչ: 

«Աշխատում էր մեծ պատասխանատվությամբ, սպասարկում էր Աշոցքի տարածաշրջանի 7-10 գյուղ, ինքը առաջնորդ էր, լիդեր, ինչ հարց լիներ, ինքը պիտի գնար։ Դեռ մեկ տարվա աշխատող էր, նախարարության կողմից արժանացավ շնորհակալական պատվոգրի, իսկ մեկ տարին լրանալուց հետո հարցազրույցով ընդունվեց Երևանի ոստիկանության ակադեմիայի առաջին կուրս, 2020-ի սեպտեմբերին գերազանց փոխադրվեց երկրորդ կուրս… Հոկտեմբերի 2-ին պետք ա գնար դասի: Սակայն սկսվեց այդ չարաբաստիկ պատերազմը»:

Մայրն ասում է՝ որդին աշխատանքով ծանրաբեռնված լինելով հանդերձ, մշտապես ամեն հարցում օգնում էր բոլորին՝ և՛ ընտանիքի անդամներին, և՛ ընկերներին։ «Շատ բարի էր, մարդկային: Հոգին էլ ուզեին՝ կհաներ, կտար։ Մեզ էլ շատ սիրում էր, շատ ուշադիր էր։ Իր էությամբ չափից դուրս արագաշարժ լինելով, խառը գործերի մեջ, գյուղում ինչ գործ էլ լիներ, ամենավատ գործերն էլ կաներ, ինքը համ հատուկ էր, համ հասարակ»։

Էմմա Իվանյանն ասում է՝ կարոտում է որդու ձայնը, խոսքը։ Հիշում է՝ տղան, երբ տուն էր մտնում, տունն ուրախությամբ ու խինդով էր լցնում, բոլորին ժպիտ էր պարգևում իր կատակներով ու հումորով։

«Ինքը տուն էր մտնում, ոնց որ 10 հոգի մարդ իրա հետ տուն բերեր, հերթապահությունից հետո գալիս էր, դուռը բացում էր՝ մամ ջան, պապ ջան, ոնց եմ կարոտել, փաթաթվում էր 5 տարեկան երեխու պես։

Նա ուրիշ էր, չափից դուրս կայացած, հասուն, քաղաքակիրթ։ Անգամ տանը ճաշն ուտեր, ասում էր՝ շնորհակալություն: Ասում էի՝ որդիս, ճաշարան չես եկել, ուտում ես, ասում ես շնոհակալություն, ասում էր՝ դու՝ 70 տարեկան կին ես, դու եփես, շնորհակալություն չասե՞մ»,- պատմում է մայրն ու ցավով նշում, որ շատ ծանր է, չի կարողանում համակերպվել որդու կորստի հետ, որդին այնքան առանձնահատուկ էր, այնքան ծրագրեր ու նպատակներ ուներ։ 

«Թագավոր բալիս տարան, կորցրեցին․․․»- արցունքների միջից ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am