«Երկու ախպեր Ջրականում էին, ասում էին՝ մի՛ անհանգստացեք, մենք քաջեր ենք, չվախենաք». Խաչատրյանների կրտսերը զոհվել է, ավագը՝ վիրավորվել

Մինչև 44-օրյա պատերազմը Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում բնակվող Խաչատրյանների կյանքը երկու տարի է՝ ինչ գլխիվայր փոխվել է։ Պատերազմի հետևանքով տուն ու տեղը Կովսականում թողնելուց և Հայաստան տեղափոխվելուց հետո Խաչատրյանները մարտի դաշտում թշնամու դեմ պայքար մղող կրտսեր որդուց այլևս լուր չեն ստացել։

Զառա Խաչատրյանը պատմում է, որ փոքր տղայի՝ Հովհաննեսի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 2-ին․ «Երկու ախպեր Ջրականում էին, ասում էին՝ մենք լավ ենք, ոչ մի անգամ չէին բողոքում, ասում էին՝ մի՛ անհանգստացեք, մենք քաջեր ենք, չվախենաք։

Դրանից հետո էլ Հովհաննեսի հետ կապի մեջ չենք եղել»,- հուզմունքով պատմում է մայրը։

Հոկտեմբերի 3-ին Ջրականում երկու եղբայրներից ավագը՝ Գևորգը, վիրավորվել է, կրտսեր եղբայրը՝ Հովհաննեսը, զոհվել։

Զառան պատմում է, որ հաջորդ օրը ավագ որդին զանգել է և հայտնել, որ վիրավոր է, և հետաքրքրվել՝ արդյոք Հովհաննեսից լուր ունե՞ն, քանի որ ինքը որևէ լուր չուներ։

«Մեծ տղաս էդ օրը վիրավորվել էր, սկզբում մի հատ ոտքին ա կպել ասկոլկեն, որը մինչև հիմա էլ կա, ինքն ընկել ա էդ պահին, շրջվել ա, տեսել ա՝ ախպերը չկա, ընկերներին ասել ա՝ ո՞ւր ա Հովիկը, հետո իրա գլխին են խփել են, գիտակցությունը կորցրել ա, Գևորգին տեղափոխել են հոսպիտալ, ինքը արթնացել-տեսել ա, որ հոսպիտալում ա»,- հուզմունքով պատմում է մայրը։

Զառան ասում է, երբ մեծ տղան էլ է ասել, որ եղբորից տեղեկություն չունի, նաև լուրերով լսել են, որ Ջրականում թեժ մարտեր են եղել, և շատ զոհեր կան, խիստ անհանգստացել են։

«Մենք արդեն վախեցանք, սկսեցինք փնտրել ամենուր, սաղ տեղերը զանգում էինք, հետաքրքրվում։ ԴՆԹ հանձնեցինք, ԴՆԹ-ով դեկտեմբերի 20-ին գտանք որդուս, զանգեցին, ասեցին՝ հաստատվել ա, եկեք, ճանաչեք»,- արցունքի միջից ասում է մայրը։

Զառան որդու մարմինը չի տեսել, ասում է՝ մեծ տղան է տեսել, հուզմունքով նշում է՝ քանի որ չի տեսել, մինչ այսօր էլ սպասում է՝ որդին տուն կգա։

«Ես մինչև հիմա իրան սպասում եմ, ինքն ուրիշ էր, տարբերվում էր, առանց իրա մեր կյանքը սուտ ա, ամեն ուրախություն, ամեն առիթ, ծնունդ, Նոր տարի՝ սաղ սուտ են»,- ասում է որդեկորույս մայրը։

Հովհաննես Խաչատրյանը եղբոր հետ առաջին օրից առաջնագծում է եղել։ Հովհաննեսը պայմանագրային զինծառայող էր, առողջական խնդիրների պատճառով մինչև պատերազմը դադարեցրել էր ծառայությունը, սակայն դա չի խանգարել, որ մեկնի մարտի դաշտ և պայքարի թշնամու դեմ։

Աշխատանքին զուգահեռ Հովհաննեսը սովորել է Կապանի պետական քոլեջում՝ 

Բնավորությամբ հանգիստ էր, բոլորին հասնող, շատ ուշադիր ու հոգատար։

Մայրն ասում է՝ չորս երեխա ունի՝ երկու աղջիկ, երկու տղա, բայց Հովհաննեսը բոլորից տարբերվել է։

«Մեր հույսն ու հավատն ինքն էր, մեր բոլոր նպատակները իր հետ էինք կապում։ Ամեն հարցում միշտ մեր կողքին էր, շատ հոգատար էր, մի բան առներ՝ մեզ հետ կկիսվեր, մի աշխատանք աներ՝ մեզ հետ կկիսվեր»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Զառան ասում է՝ որդին շատ երազանքներ ուներ, ցանկանում էր իրենց անասունների մի մասը վաճառել, Երևանում տուն առնել, ամուսնանալ․ «Ասում էր՝ բոլորով տեղափոխվենք, ասում էր՝ չոբան կպահենք, անասունները կտանք, կպահի, տունը կնայի, մենք կգնանք-կգանք։ Շատ նպատակներ ուներ տղես, բայց չհասցրեց իրագործել»,- ցավով ասում է մայրը։

Զառան չի մոռանում 2020-ի ապրիլի 13-ը՝ ամուսնու ծննդյան օրը, երբ որդին, որը պարել չի սիրել, այդ օրը ոչ միայն ինքն է պարել, այլև բոլորին պարացրել է․ «Էդ մեր վերջին ուրախությունն էղավ»։

Զառան ասում է՝ ամուսինն էլ, որը հաճախ էր դհոլ նվագում, հիմա չի կարողանում դհոլը ձեռքն առնել ու նվագել։

«Հովհաննեսը հորն ասում էր՝ պա՛պ, ինձ էլ դհոլ նվագել սովորացրու, ես դհոլչի դառնամ, հետո տղուս սովորացնեմ, ինքն էլ նվագի, բայց հիմա ամուսինս էլ դհոլ չի նվագում, ասում եմ՝ Հակոբ, մի օր կհանես, իր համար նվագես, ասում ա՝ էլ չեմ նվագի, էլ չի կարողանում»։

Հովհաննես Խաչատրյանը հուղարկավորվել է հայրական գյուղում՝ Խարբերդի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am