Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Ազատ տնտեսական գործունեության սահմանափակման օրինականությունը կվիճարկվի: Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«Ս.թ. մայիսի 5-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանի դատարանում հայցադիմում է ներկայացվել ԱՄՆ Լոս Անջելեսի Հոմբի Հիլզ թաղամասում Խաչատրյաններին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքի բռնագանձման պահանջով: 

Խաչատրյանների փաստաբանական խումբը այս գործընթացը որակել է որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեության խոչընդոտման հերթական դեպք, որն իրականացվում է առանց այն հաստատող որևէ հիմնավոր ապացույցի։ Խումբը հայտնել է, որ առկա են բոլոր իրավական հիմքերը հայցադիմումի օրինականությունը վիճարկելու օրենքով սահմանված բոլոր ատյաններում, ինչի ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են միջոցներ: 

Նշենք, որ Խաչատրյանները անշարժ գույքի զարգացման ոլորտում մի քանի միջազգային գործարք են իրականացրել, ընդ որում պետք է ասել, որ դրանք միշտ համապատասխանել են բոլոր օրենսդրական պահանջներին: Այս անօրինական և ուղղորդված գործընթացների մասին բազմիցս հրապարակային պարզաբանումներ տրվել են և դրանք վիճարկվում են նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում արդարության հաստատման համար: Գործընթացի բողոքարկման հարցով ԱՄՆ փաստաբանական խումբը ևս հանդես կգա հայտարարությամբ: 

Խաչատրյաններն ու նրանց կողմից հիմնադրված տնտեսական միավորները ապահովում են կայուն բիզնես շարունակականությունը` թույլ չտալով գործունեության խաթարման և հեղինակության արատավորման որևէ դեպք»: