Չե՞ք հասկացել, որ փակուղու մեջ եք, որ նման մեթոդներով ո’չ ձեր ընթացիկ ռեյտինգն եք ավելացնելու, ո’չ էլ մյուս ընտրություններին ձեր պոտենցիալ քվեն. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ջրբաժան, ճամփաբաժան, վճռական օր, վճռական փուլ, բեկումնային իրավիճակ, երկիշխանություն, իշխանությունը խուճապի մեջ է, իշխանությունը փլվում է և այլն, և այլն…

Չե՞ք հոգնել հարգելի ընդդիմադիր գործընկերներ նման անպտուղ հայտարարություններից և ձեր իսկ համակիրներին կամ հետևորդներին մոլորեցնելուց:

Չե՞ք հասկացել ի վերջո, որ 2018 ու 2021 թվականների ԱԺ ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը, անկախ քաղաքական ուժի անվանումից, այլևս նախկին իշխանությունների պես չի կարող լինել իր բնույթով, իր նկատմամբ վերաբերմունքով, իր նկատմամբ հնչող քննադատության արդյունավետությամբ:

Այդ ընտրություններն արտահայտել են ընտրողների իրական կամքը, որքան էլ դա ձեր «սրտով» չլինի:

Չե՞ք հասկացել արդյոք, որ փակուղու մեջ եք, որպես քաղաքական ուժ, որ նման մեթոդներով ո’չ ձեր ընթացիկ ռեյտինգն եք ավելացնելու, ո’չ էլ մյուս ընտրություններին ձեր պոտենցիալ քվեն:

Չե՞ք հասկանում ի վերջո դուք հարգելի գործընկերներ, որ ձեր` ներքին «թշնամիներ» որոշելու, այդ թշնամիներին տարատեսակ անուններ կպցնելու և դրանց դեմ տրամաբանությանը հակառակ գործիքներով (դրոշներ, երգեր և այլն) պայքարելու գործելաոճը տապալվել է:

Չե՞ք հասկացել արդյոք, որ ձեր ամբողջովին կեղծ, արդեն հնացած, կոնտրպրոդուկտիվ, տասնյակ տարիներ շատերին մոլորեցնող օրակարգի դեմքը այլևս պատռված է:Ե՞րբ եք ի վերջո այս ամենը հասկանալու…

Հ.Գ. ցանկացած իշխանություն և քաղաքական ուժ ունենում է սխալներ և թերացումներ: Առողջ քաղաքական ուժերը խոսում են դրանց մասին և պարբերաբար կանգնում ընտրողների դատի առջև արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ, եթե դրանք արդար են անցնում (դրանք արդեն 4 տարի է արդար են անցնում):

Անառողջ կամ հակաժողովրդավար ուժերը չեն ընդունում իրենց սխալները, չեն խոսում դրանց մասին ընտրողների հետ, մերժում են իշխանության ձևավորման դեմոկրատական գործիքները և ուզում են տիրանալ իշխանությանը հենց այնպես, առանց ընտրությունների, ինչն իհարկե չի ստացվելու: Չի ստացվելու, ոչ թե, քանի որ մենք կառչած ենք իշխանությունից, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պետք է լինի բացարձակ արժեք և ոչ-ոք չպետք է սասանի այդ արժեքը»: