Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին:

Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի եւ ԵԽԽՎ-ի առանցքային դերը եւ գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության եւ արդյունավետ երկխոսության հարթակ:

Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ դերակատարությանը, մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը ցավով փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցն է:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու այս փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:

ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ իր բանաձեւին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27), որն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմանների վրա իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին եւ բազմաթիվ այլ հրատապ հարցերին:

Նա եւս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման եւ այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց եւ Հայաստանի Հանրապետության դեմ ռազմատենչ քաղաքականություն: