Վիճել էին ու մարմնական վնասվածքներ պատճառել.ոստիկանություն

Հուլիսի 7-ին, ժամը 01.23-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 01.00-ին Մոլդովական փողոցում նրա հետ վիճաբանել են 22 և 29 տարեկան երկու եղբայրներ, որի ընթացքում էլ կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա երիտասարդին: Եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին: 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: