Երևանի քաղաքապետարանը` հայտնի շենքի մասին

Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված շենքի ճակատներում առկա խճանկարները:

Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող լուսանկարներին և քննարկումներին, թե ոչնչացնում են գեղեցիկ շենքի տեսքը, ճակատների խճանկարները:

Պատասխանելով քննարկումներին, թե Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները՝ քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է. «Նախագծման թույլտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները»:

Իսկ պետական գույքի կառավարման կոմիտեից, ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածված տեղեկատվության, թե Աճառյան փողոցում գտնվող նախկին Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքը գտնվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, հայտնել են, որ Կառավարությունը դեռևս 2003 թ. 241-Ն որոշմամբ հաշվեկշռային մեթոդով մասնավորեցրել է ««Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։