Շատ ավելի վտանգավոր պայթյուն է սպասվում

Շատ ավելի վտանգավոր պայթյուն է սպասվում
Շատ ավելի վտանգավոր պայթյուն է սպասվում

Հարցազրույց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ:

Պարոն Եղիազարյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը շինարարության ոլորտի նախորդ տարիների աճը «փուչիկ» որակեց, որը նրա խոսքերով, պայթեց ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Իր հերթին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական ձախողումների համար մեղադրեց ներկայիս կառավարությանը՝ ի դեմս վարչապետի: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Հայաստանի տնտեսությունում վերջին տասը տարիներին:

 

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2001-2008 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ում շինարարության մասնաբաժինը 10 տոկոսից հասել է 27 տոկոսի: Հասկանալի է, որ շինարարության ոլորտն ապահովել է տնտեսական աճի մի զգալի մասը: Կարելի է ասել, միջին հաշվով, տնտեսական աճի 1/3 մասն ապահովել է շինարարության ոլորտը, դա ավելին է, քան արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը միասին վերցրած: Որո՞նք են եղել այդ աճի պատճառները: Հատկանշական է, որ այն հիմնականում պայմանավորված է եղել տրանսֆերտների և օտարերկրյա ներդրումների աճով, շինարարությունը հիմնականում իրականացվել է ենթակառուցվածքների և էլիտար բնակարանաշինության ոլորտում: Էլիտար շինարարության ոլորտում միջոցների ներգրավումը հիմանականում թերևս պայմանավորված է եղել Հայաստանի տնտեսական վերնախավի մոտ որոշակի միջոցների ավելցուկով: Ինչպես տեսնում ենք, շինարարության ծավալների աճը շատ մեծ չափով տեղի չի ունեցել արտադրական հզորությունների շինարարության հաշվին: Դա ընդհանրապես բնորոշ է թույլ զարգացած տնտեսություն ունեցող երկրներին, և այս առումով համեմատություններն այլ երկրների հետ, կարծում եմ, տեղին չեն: Վարչապետը նշում է, որ այս ոլորտը մրցակցությունից դուրս է եղել: Ոչ միայն այս ոլորտը, այլ որոշակի այլ ոլորտներ, ասենք հանքարդյունաբերությունը, տնտեսական գործունեության այլ տեսակներ Հայաստանում իհարկե մրցակցությունից դուրս ոլորտներ են: Դրա պատճառը Հայաստանում ձևավորված տնտեսական իշխանության համակարգն է և մեր տնտեսության պարզունակ կառուցվածքը: Եվ այս պայմաններում պարզապես գործունեության այլ տեսակներով զբաղվելը դառնում է ոչ եկամտաբեր: Իսկ շինարարությունն այս տարիներին իսկապես եղել է բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղ, ներդրողները կարողացել են արագ ստանալ գերշահույթներ: Այնուամենայիվ վարչապետը թերի է ասում, նա կարող էր նաև ավելացնել, որ այդ ոլորտի շահութաբերությունը պայմանավորված էր նաև չնչին գներով հողահատկացումներով, կարծիքներ կային, որ Մոսկվայից բավական միջոցներ էին ներհոսում, որը նույնիսկ կապվում էր փողերի լվացման հետ: Թերևս կարելի էր նաև նշել, որ վերջին տասը տարիներին հանրապետությունից կապիտալի արտահոսքի զգալի մասը գուցե և պայմանավորված էր այդ տարիներին կատարված գործարքների հետ:

 

Ինչ վերաբերում է Հայաստանում ձևավորված տնտեսական իշխանության կառուցվածքին, այդ երևույթի բացատրությունը ես մանրամասն տվել եմ իմ հոդվածներից մեկում http://media.asue.am/upload/banber/ashot_yegiazaryan_am.pdf), որտեղ ներկայացրել եմ ձևավորված իրավիճակը, պատճառները, այդ թվում՝ շինարարության ոլորտում պղպջակ գների ձևավորման պատճառները: Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է մի շարք սահմանափակ թվով գործոններով, որոնց մեծ մասն արտաքին ծագում ունեն՝ տրանսֆերտներ, օտարերկյա ներդրումներ և վարկեր: Դա խոսում է Հայաստանի տնտեսության արտաքին խոցելիության մասին: Ինչո՞վ է դա բացատրվում: 2003 թվականից, երբ էներգակիրների համաշխարհային գներն սկսեցին անընդհատ, անշեղորեն բարձրանալ, դա համընկավ Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշների հետ՝ պայմանավորված հիմնականում Ռուսաստանից ստացված տրանսֆերտներով ու ներդրումներով: Բայց հասկանալի էր, որ այդ գործոնների ազդեցությունը սահմանափակ էր, և ըստ էության աճն ապահովող ռեսուրսների սպառումը, կարելի է ասել, համընկավ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Արդյունքում տեղի ունեցավ տնտեսական խորը անկում, իսկ քանի որ շինարարարությունը ՀՆԱ-ի զգալի մասն էր կազմում, բնականաբար այդ անկումը եղավ շատ մեծ:

 

Վերջին հետճգնաժամային տարիների տնտեսական ակտիվության ցուցանիշները նույնպես խոսում են այն մասին, որ Հայաստանի տնտեսական աճը խթանող գործողություններն իրենց սպառել են: Դրանք բոլորը սահմանափակ ռեսուրսներ են. վարկեր հնարավոր չէ ստանալ, որովհետև Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է օրենքով սահմանած շեմին, տրանսֆերտները նույնպես նվազել են, որովհետև Ռուսաստանը նույնպես եկամուտների սպասման առումով կանգնել է լուրջ խնդրի առաջ: Ներդրումները հիմնական ոլորտներում արդեն իրականացվել են, այսինքն՝ Հայաստանի տնտեսության հզորացման ներուժը հասել է իր սահմանագծին: Տնտեսական աճ կարող է ապահովվել միայն տնտեսության կառուցվածքի կատարելագործման հաշվին, այսինքն՝ գործունեության նոր տեսակների ստեղծման հաշվին: Այդ առումով վարչապետը ճիշտ է հայտարարում, որ տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մեր տնտեսության հիմնական խնդիրը դիվերսիֆիկացիան է: Բայց էլի կիսատ է, գուցե հայտարարության մակարդակով թվում է դա ճիշտ, բայց անելիքների ու միջոցառումների առումով չեմ կարծում, որ տեղի են ունեցել էական փոփոխություններ: Որպեսզի Հայաստանի տնտեսության կառուցվածքը կատարելագործվի, անհրաժեշտ է նախ և առաջ երկու նախապայման՝ ինքնուրույն տնտեսական քաղաքականության իրականացում և ճիշտ կողմնորոշում տարածաշրջանային միավորումների ընտրության հարցում: Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է կառուցվածքային կատարելագործման՝ ինտեգրվելով այնպիսի տարածաշրջանային միավորման հետ, որն ունի զարգացած ու դիվերսիֆիկացված տնտեսության կառուցվածք, օրինակ, Եվրամիությունը: Բայց փաստորեն սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանն արգելափակեց իր տնտեսական զարգացման հեռանկարը՝ կառուցվածքային փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել:

 

Կառավարության հակաճգնաժամային ծրագրով նախատեսված մի քանի մեծ ծրագրեր մնացին թղթի վրա՝ Հայաստան-Իրան երկաթգիծ, Ատոմակայանի կառուցում և այլն: Ընդամենը որոշակի ինստիտուցիոնալ միջոցառումներ իրականացվեցին, և ըստ էության հակաճգնաժամային միջոցառումները չեն տվել այն արդյունքը, ինչն ակնկալում էր կառարավորությունը: Կարելի է արձանագրել հետևյալը՝ վերջին տասնամյակում Հայաստանն ունեցել է տնտեսական աճ, բայց դա չի կարելի համարել տնտեսական զարգացում, որովհետև տնտեսության զարգացում նշանակում է տնտեսության ճյուղային կառուցվածքի կատարելագործում: Իսկ Հայաստանում տնտեսական աճը տեղի է ունեցել սահմանափակ թվով ռեսուրսների հաշվին, որոնք արդեն իրենց սպառել են, հետագա աճը վտանգված է, վտանգված է նաև այն առումով, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի համար արգելափակված է կառուցվածաքային քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը:

 

Ռոբերտ Քոչարյանը շինարարության ճյուղի անկման պատճառ է համարում նաև հիպոթեքային վարկերի անհասկանալիությունն ու ծավալների կրճատումը, իսկ վարչապետը հակառակն ապացուցող վիճակագրություն է ներկայացնում: Իրականում ի՞նչ է տեղի ունեցալ այս ոլորտում:

 

Մի քիչ անհասականալի եմ համարում հիպոթեքի հետ կապված այդ բանավեճը: Հիպոթեքը Հայաստանում լայնամասշտաբ կիրառում չի կարող ունենալ, որովհետև բնակչության մի զգալի հատվածն աղքատ է, և այն հասանելի է բնակչության սահմանափակ շերտին: Բնական է, որ այս կառավարության օրոք հիպոթեքի ծավալներն ավելին են, քան նախորդի օրոք, որովհետև սկիզբը նախորդ իշխանությունների օրոք էր դրվել: Իսկ եթե տնտեսական աճի տեմպերը վատթարանան և եկամուտները կրճատվեն, ապա տեղի կունենա անկում նաև այդ ոլորտում: Ես չեմ հասկանում վարչապետի երկարաշունչ նկարագրությունն այդ իմաստով, և նախկին նախագահի կողմից հակադարձ մեկնաբանությունները: Չեմ բացառում, որ այդ նկարագրության ընթացքում հնարավոր են թվերի մանիպուլյացիաներ, բայց բնական է, որ որոշակի ժամանակահատվածում պետք է տեղի ունենար հիպոթեքի ծավալների ավելացում, տարածում մարզերում, տոկոսադրույքի իջեցում, որը կարող է լինել առևտրային բանկերի՝ այդ ոլորտում մրցակցության կամ այդ ոլորտում ներդրված միջոցների ընդլայնման հետևանք:

 

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասով նույնպես այս կառավարությունը քննադատության արժանացավ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ըստ ձեզ՝ պատրա՞ստ է Հայաստանի տնտեսությունն այս բարեփոխմանը:

 

Երևի թե կարելի է քննարկումից դուրս համարել հետևյալ երկու հարցերը՝ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են, և երկրորդ, ոչ ոք այսօր չի կարող ասել, թե 23 տարի հետո համակարգն ինչ արդյունավետություն կարող է ունենալ: Երկու կողմերի մեկնաբանություններն այդ հարցի առնչությամբ ավելի շուտ հռետորաբանություն են: Ակնհայտ է, որ մոդելի ընտրության հարցում կարելի է հաշվի առնել Հայաստանի տնտեսական և սոցիալական, ինչպես նաև քաղաքական զարգացման առանձնահատկությունները: Իմ կարծիքն այս հարցում հետևյալն է՝ նման բարեփոխումների իրականացման համար ներկայում Հայաստանում չկան բավարար պարարտ հող, հիմքեր, որովհետև ցածր են աշխատավարձերը, բնակչության մի հատված դուրս է մնում համակարգից՝ գործազուրկները, գյուղացիական մանր տնտեսությունները: Այս առումով արդյոք ճիշտ է ընտրված ժամանակը՝ կառավարությունն այս հարցի պատասխանը պետք է տա: Եթե դա ընդամենը սկզբունքի հարց է, կարծում եմ՝ վտանգավոր է, որովհետև իր մեջ ունի կոնֆլիկտային մեծ ներուժ: Եթե սրան էլ գումանրենք կառավարության նկատմամբ անվստահության մթնոլորտը, վիճակը դառնում է շատ ավելի լարված: Եվ, վերջին հաշվով, կառավարությունը չունի նաև հետևյալ հարցի պատասխանը՝ արդյոք դա համատեղելի է Եվրասիական միությանն անդամակցելու կուրսին, որ որդեգրել է այսօր կառավարությունը: Այդ հարցի պատասխանը չկա, և ոչ ոք չի փորձում այդ հարցի վերաբերյալ իր տեսակետը ներկայացնել:

 

Գազային համաձայնագրերի մասով նույնպես կարծում եմ՝ նախկին նախագահի քննադատություններն ու մեկնաբանությունները ոչ մի արժեք չունեն, եթե այդ հարցը չի դիտվում Մաքսային միությանը միանալու պրիզմայի տեսանկյունից: Ակնհայտ է, որ գազային համաձայնագրերը Հայաստանի գաղութացման ակնհայտ դրսևորումներից մեկն են: Եվ այդպիսի դրսևորումներ կարող են լինել նաև մնացած այլ ոլորտներում: Կարծում եմ, տեղին կլիներ, եթե այս առումով նախկին նախագահն ավելի շատ խոսեր, հանդես գար ներկա կառավարության՝ Մաքսային միության փուչիկին միանալու որոշման քննադատության դիրքերից: Եթե Մաքսային միության փուչիկը պայթի, դրա հետևանքներն ավելի ցավագին կլինեն, քան շինարարության փուչիկի պայթյունի հետևանքները: Վերջին հաշվով, այդ բանավեճը փորձ է երկու կողմից՝ արդարացնելու իրենց ձախողված քաղաքականությունը: Ինչ արժեք ունի այդ բանավեճը, երբ երկու կողմերն էլ իսկապես ձախողել են իրենց քաղաքականությունը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Lragir.am