Իլհա՛մ, դու Կյաժի դեմ ի՛նչ ունեիր

Իլհա՛մ, դու Կյաժի դեմ ի՛նչ ունեիր
Իլհա՛մ, դու Կյաժի դեմ ի՛նչ ունեիր

Պատերազմը շշմելու բան է, երևույթ հատուկ պաթոսի համար: Պաթոսն ունի իր բառերը` մայրեր, սիրած աղջիկ, բարձունքներ, մահ, Հայրենիք, երկիր: Պաթոսը պատերազմի բարոյականությունն է, նրանց դրոշը, որոնք դրանով զգեստավորում են իրենց թավշյա դասալքությունը (այսինքն՝ օրենքով ճակատում չլինելը):

Պաթոսը ոմանց հացն է, որոնք ուտելու Հայրենիք ունեն: Եվ հատկապես որ չեն կարող այդ հայրենիքը կիսել ինչ-որ մեկի հետ: Ոչ միայն չեն կարող, գլուխը կուտեն:

Պատերազմը սրբազան է, երբ արդեն գիտես մեռնողներին: Ուրիշ ինչպե՞ս նրանց ուղարկել կրակի բերան: Պատերազմն ինքնին այնքան անբարոյականություն չէ, որքան հետին թվով, երբ սկսում են «հաշվել ճտերին»:

Հիշո՞ւմ եք, 100-ից ավելի զոհ ունեինք, իսկ մարդը կորցրած 800 հեկտարի մասին ասում էր` աննշան տարածք է:

Ինչո՞ւ էր աննշան:

Որովհետև պաթոսը հանգստացրել էր մայրերին, նրանց զոհված որդիները հերոսներ էին, և մայրերն այդ տարածքների գինը չէին վիճարկելու նախագահ մարդու հետ: Ինքը աննշան տարածք էր համարում այն, ինչը չի մեռնում:

Հողը չի մեռնում:

 Եվ ինքը շտապել էր այն հայտարարել մեռած: Այսինքն՝ 800 հեկտարն էլ է հերոս, նա ընկավ հերոսի մահով: Այդ մարդն ուղղակի բառեր չուներ: Որովհետև ոգի չկար մեջը, կորուստ չկար: Էդ հողն իր իշխանությանը չէր սպառնում:

Խաղաղությունն, օրինակ, անհրաժեշտություն է ընչազուրկի համար: Որպեսզի կարողանա մտածել ոտքի կանգնելու մասին: Բոլորը գիտեն, որ խոսքը կենաց մահու մասին է, գիտեն, որ ապրելու մղումը ոչնչում այնքան ազնիվ չէ, որքան մահվան առջև: Բայց զինվորը, ախր, մի մարդ է, որին տանը սպասում են այնպիսի խնդիրներ, որոնք ոչ մի պատերազմից պակաս սարսափելի չեն:

Պետությունը պետք է սովորի պատերազմը համարել ճոխություն: Այսինքն՝ դրանով զբաղվել այնպես, ինչպես զբաղվում են, ասենք, տուրիզմով: Այսինքն՝ երբ ցույց տալու բան ունես: Երբ ուզում ես, որ դու լինես մյուսների համար օրինակ: Երբ քո զենքը զենք է, երբ քո զինվորի մեռնելու հավանականությունը գրեթե զրոյացված է, երբ դիմացինդ ոչ թե թշնամի է, այլ վատագույն դեպքում՝ ագրեսոր: Որովհետև ագրեսորն իր մեջ վրեժ չի պահում, թշնամին պահում է:

Մենք առայժմ էդ ագրեսորը չունենք, ցավոք, մերը թշնամին է:

Պատերազմը, մի խոսքով, ճոխություն է:

Մենք մեզ այդպիսի ճոխություն չենք կարող թույլ տալ: Մենք չպետք է հուսանք, որ բոլոր զինվորները Կյաժ են (թեպետ գուցե Կյաժ են): Որովհետև, ընկերնե՛ր, մայր լինելը (պաթոսից հեռու) շռայլություն չէ:

Հայաստանում այն նույնիսկ կյանքի աղբյուրի նվազագույն «զամբյուղ» չէ: Այստեղ սոցիալական և առողջապահական խնդիրները թույլ չեն տալիս առաջին իսկ հնարավորության դեպքում լինել մայր:

Մի քանի օր առաջ որդին մորը դանակի մի քանի հարվածով սպանել էր: Կարծեմ դրանից մի շաբաթ առաջ էլ էր մեկ ուրիշը մայր սպանել:

Սա խաղաղության և պատերազմի արանքում խցանվածի խուլ ճիչն է: Սա նրա պատերազմն է սոցիալական այն հարցերի դեմ, որոնք պատասխաններ չունեն:

Որովհետև ավելի հեշտ է խեղվել պատերազմի և խաղաղության արանքում, քան պարզապես պատերազմի կամ պարզապես խաղաղության մեջ: Պատերազմը սպանում է, իսկ խաղաղությունը առաջարկում հնարավորություններ, խելագարվելու ժամանակ չկա:

Տվե՛ք մարդկանց խաղաղություն: Խաղաղությունը չի սպանում: Մի պարզ հարց կա տալու` Իլհա՛մ, դու Կյաժի դեմ ի՞նչ ունեիր:

Ես գիտեմ, թե ինչ ուներ Սերժը քո չարքաշ զինվորի դեմ: Քո զինվորը նրա հացի պաշտոնական հովանավորն էր:

Իմ Կյաժն էլ նման մի ավանտյուրայի համար վճարեց: Բայց դուք՝ ձեզ՝ առանց մեզ իմաստավորել չկարողացողներդ, մեր դեմ ի՛նչ ունեք:

Մենք չենք կարող խաղաղությունը ծամել ու դնել ձեր բերանը:

Բա ի՞նչ անենք: Գուցե սկզբի համար սովորենք միմյանց նայել որպես մարդո՞ւ:

Մհեր Արշակյան

MediaLab.am