ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին, հեռացրել է ցեղասպանության մասին գրառումը.Ermenihaber

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի և Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդը Հայաստան կատարած այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Աբդուլլա Շահիդն այդ մասին նաև գրառում էր արել Twitter-ում։ 

Այս հանգամանքը չափազանց զայրացրել է Թուրքիայի իշխանություններին:

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի թվիթերյան հրապարակումից հետո Թուրքիան չեղարկել էր օգոստոսի 8-12-ն Անկարայում կայանալիք դեսպանների համաժողովին Աբդուլլա Շահիդի մասնակցության հրավերը:

Թուրքիայի արտգործնախարարությունն այս առնչությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիան դատապարտում և մերժում է «քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերի ու միջազգային իրավունքի խեղաթյուրման փորձերը»։

«Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թվականի իրադարձություններին առնչվող փաստերը պիտի դիտարկվեն լիարժեք, արդար և ազնիվ շրջանակներում», – նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աբդուլլա Շահիդը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին և ճնշումներին, հեռացրել է վերոհիշյալ թվիթերյան հրապարակումը:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: