«Ծննդկանը Հանրապետական ինստիտուտ է հասցվել ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային վիճակում»․ պարզաբանում

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը պարզաբանում է տարածել 20-ամյա ծննդկանի մավան դեպքի վերբարյալ։

«Օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է պատահել՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնում․ արձանագրվել է ծննդկանի՝ 20-ամյա Մերի Մացակի Գրիգորյանի պտղի մահը։ Ապա ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային/ագոնալ/ վիճակում ծննդկանը շտապ օգնության մեքենայով ուղեկցվել է դեպի Երևան։ Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն և գիտակցության կորուստ։ Կյանքի հետ անհամատեղելի տվյալներով՝ անգիտակից վիճակում, ծննդկանին հասցրել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է երիտասարդ կնոջ կենսաբանական մահը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, նաև, որ հայտարարությամբ էր հանդես եկել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնը՝ հայտնելով․

«Մահացած ծննդկան Մ. Գ.-ն ընդունվել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք օգոստոսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ուժեղ ցավերով: Անմիջապես իրականացվել են համապատասխան հետազոտություններ, կազմակերպվել են նաև նեղ-մասնագետների կոնսուլտացիաներ: Հղիի մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա: Նեղ մասնագետների կողմից նշանակվել է համապատասխան բուժում:

Տեղափոխման ժամանակ հղիի ճնշումը եղել է 90/60, սատուրացիան՝ 97: Հղիի վիճակը, մինչ շտապօգնության մեքենան նստեցվելը, գնահատվել է շտապօգնության բժշկի կողմից: Կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով հղին տեղափոխվել է Երևան: Եթե կինը լիներ անգիտակից կամ այնպիսի վիճակում, ինչպես նշված է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ, ապա միանշանակ հղին այդ վիճակում չէր ճանապարհվի Երևան»,-ասված է հայտարարության մեջ: