Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երևան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երևան։ Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունից:

«Բարի՛ գալուստ, հարգարժա՛ն տ-ն Փելոսի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի այս հղմամբ։

Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։