«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր». Օսկանյան

«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր». Օսկանյան
«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր». Օսկանյան

«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր»,-ըստ civilnet.am-ի հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Վարդան, նախկին ԱԳ նախարար Օսկանյանը` ի պատասխան այսօր տեղի ունեցածի:
Ընդամենը մի քանի ժամ առաջ, ինչպես մենք տեղեկացրել էինք, ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարան էր մտել՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում:

«Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից:

Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու: Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն:

Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որևէ իրավական հիմք չի կարող ունենալ:

Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է և բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաև այս հաշվարկներում են սխալվել:

Ես պատրաստ եմ թեկուզ այս պայմաններում և այս հարթության վրա շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը:

© Medialab.am