«Մենք հետամուտ ենք լինելու,որ սա իր գնահատականը ստանա». ՀՀ ՄԻՊ-ը՝ հայ ռազմագերիներ սպանության մասին

Հանրային հեռուստաընկերության եթերում «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների» վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խոսել է հոկտեմբերի 2-ին համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին:Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Գրիգորյանը հայտնել է,որ Պաշտպանի հաստատությունը նաև գիտի՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում.

«Տեսանյութի բովանդակությունը վերլուծելիս՝ ակնհայտ է, որ հայ զինծառայողներն անզեն են,չեն դիմադրում։Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն»։

Տեսանյութի վերաբերյալ Պաշտպանի վերլուծություններն արդեն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին.«Մենք հետամուտ ենք լինելու,որ սա իր գնահատականը ստանա»,- նշել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում նմանատիպ գործերի քննությանը,Պաշտպանն ասել է,որ Ադրբեջանում արդարադատություն չի իրականացվում,ձևական,արհեստական շղարշ են ստեղծում միջազգային հանրության առջև։