Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի:

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերցմանը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը: