«Պատերազմին մասնակցություն չունենալով՝ մարդիկ սկսում են իրենք իրենց մեղադրել»․ հոգեբանը՝ արտակարգ պայմաններում ինքնօգնության մասին

Հաղորդակցման հոգեբանության մասնագետ, հոգեբան-պրոֆայլեր Գրիգորի Բադալյանի խոսքով՝ արտակարգ իրավիճակներում, այդ թվում՝ պատերազմի ժամանակ, հասարակության այն հատվածը, որն ուղիղ մասնակցություն չի ունենում, հետևում է կամ անուղղակի մասնակցում, ունենում է փրկվածի բարդույթ՝ ինքնամեղադրանք, որը շատ բնորոշ է այս օրերին նաև մեր հասարակության անդամներին։

«Ենթադրենք նման արտակարգ իրավիճակ՝ ավտովթար է տեղի ունեցել, մեկ մարդ ողջ է մնացել, այդ ժամանակ նա սկսում է ինքն իրեն մեղադրել, որ ինքը ողջ է մնացել, մյուսները մահացել են։

Նույնն էլ պատերազմի ժամանակ, այն մարդիկ, որոնք մասնակցություն չեն ունենում, սկսում են իրենք իրենց մեղադրել։ Եվ որպեսզի իրենք մեղքի զգացումից ազատվեն, հատուցեն չմասնակցելու համար, վիրտուալ պայմաններում անընդհատ մասնակից են լինում այդ իրադարձություններին, հետևում են, կոնֆլիկտի մեջ են մտնում, մեկնաբանություն են թողնում, տարածում են նյութերը՝ հավաստի, թե ոչ։ Ինչի՞ համար են անում, իրենք իրենց տանջում են, որպեսզի հատուցեն ու մեղքի զգացումից ազատվեն»,- բացատրում է մասնագետը։ 

Մինչդեռ նման իրավիճակում, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է գիտակցել, որ դրանով ընդհանրապես ոչ մեկին օգուտ տալ չեն կարող, պարզապես շարունակում են իրենք իրենց վնասել, իրենց վնասելով՝ վնասում են շրջապատին, բացի այդ, ստեղծում են անառողջ հասարակություն։

«Ու այն զինծառայողները, որոնք անմիջական մասնակցություն են ունենում, երբ վերադառնան հասարակություն, որտեղ պիտի լինի առողջ միջավայր, նրանք առողջ միջավայրի չեն բախվի, որովհետև մենք արդեն իսկ անառողջ միջավայր ենք ստեղծել»,- ասում է հոգեբանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ պատերազմական գործողություններ են սկսել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։

Հայկական կողմի զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Գերիների, անհետ կորածների ու կորսված դիրքերի պաշտոնական թվեր մինչ այս պահը հրապարակված չէ։ 

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հոգեբանը խորհուրդ է տալիս՝ պատերազմական իրավիճակում, եթե կա որևէ կերպ աջակցելու տարբերակ, ապա դիմել պետական մարմինների, եթե անհրաժեշտություն լինի, այդ դեպքում ներգրավվել նման օգտակար աշխատանքներում։

«Որովհետև վիրտուալ տարբերակում մենք որևէ օգուտ չենք տալիս, էլ չեմ ասում, թե ինչքան կարող ենք ապատեղեկացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կամ թշնամի երկրի հատուկ ծառայությունների կողմից և դառնալ տեղեկատվական պատերազմի զոհ։ Պատերազմը լինում է երկու ճյուղով՝ մեկը՝ ֆիզիկական, երկրորդն էլ տեղեկատվական, շատ դեպքերում տեղեկատվական պատերազմը շատ առավել խոցելի, առավել երկար հետևանքներ է առաջացնում ու առավել մեծ վնաս կարող է հասցնել հասարակությանը»,- ընդգծում է մասնագետը։

Հոգեբանը խորհուրդ է տալիս նաև նման բացասական թեմաներ քիչ քննարկել, քանի որ այն չի կարող որևէ օգուտ տալ, բացի վնասելուց, ինչպես նաև անընդհատ պատերազմական կադրեր չնայել և շարունակել սովորական գործունեությամբ զբաղվել։

«Պետք է քունը, սնունդը նորմալ պահել, ֆիզիկական ակտիվությունը պահել, մարդկանց հետ շփվել, չպետք է ամաչել և մեղքի զգացում չունենալ դրական հույզեր ապրելուց»,- նշում է մասնագետը։

Իսկ մարդիկ, որոնք անմիջապես արտակարգ իրավիճակում են եղել և ունեցել են հույզեր՝ ուժգին վախ, ցանկալի է, որ դիմեն մասնագետի աջակցությանը, քանի որ ժամանակը կարող է անցնել, սակայն կմնան դրա հետ կապված հիշողությունները, պատկերները և վախը, որոնք հոգեբանական խոր հետք կթողնեն։

«Արտակարգ իրավիճակներում մարդու օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում։ Մարդիկ ապրում են ուժեղ հույզ՝ վախի տեսքով, ուժգին հույզը պարուրված է տարբեր մտքերի տեսքով, այդ ժամանակ հնարավոր է առաջանա ինչ-որ միտք՝ ես ողջ չեմ մնա, որին էլ հաջորդում է վարքը, օրինակ՝ փախուստ, թաքնվել, քողարկվել, ծածկվել։ 

Երբ արտակարգ իրավիճակն ավարտվում է, և մարդիկ վերադառնում են սովորական պայմաններ, այն միտքը, որ ձևավորված է եղել արտակարգ պայմաններում, չի անցնում, այն ակտիվ է մնում ու շարունակում է ակտիվ գեներացնել հույզը, վախը ու վարքը։ Սա բնական է բոլորի համար, մեծ հաշվով, կապ չունի ինտելեկտի, սեռի հետ, մարդը ուժեղ է թե ոչ, դա օրգանիզմի վրա ուղիղ ազդեցություն է թողնում։

Մարդը կարող է շարունակել, օրինակ՝ թաքնվել, տնից դուրս չգալ, հետևաբար պետք է աշխատել նախ մտքերի, հետո՝ հույզերի, հետո՝ վարքի հետ։ 

Կարևոր է՝ առաջինը, որ մարդիկ իրենց թույլ տան դիմելու մասնագետի, որպեսզի հեշտ հաղթահարեն: Մարդիկ հաճախ հասկանում են, որ նման իրավիճակում են գտնվում, բայց իրենց թույլ չեն տալիս դիմել մասնագետի, մտածում են՝ անհարմար է, կամ իրենց տղամարդկության վրա կազդի և այլն, բայց եթե դիմեն, ավելի շուտ կապաքինվեն, քան միայնակ գործելով»,- հավելում է Բադալյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am