Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ պետ 

Կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը աշխատանքներ է իրականացնում սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն ստանալու և հայտնաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Նա հայտնել է որ վերջին տեղեկություններով՝ 10 դի վերադարձվել է, և ԴՆԹ հետազոտության արդյունքում հնարավոր է անհետ կորածների թիվը կրճատվի:

ԳՇ պետը նշել է նաև, որ Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել առաջնագծում՝  զոհված հայ զինծառայողների մարմինները հայտնաբերելու համար:

«Կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմը համապատասխան թույլտվություն չի տվել, որպեսզի մեր ստորաբաժումները մտնեն և որոնողական աշխատանքներ իրականացնեն:

Այո, դեպք կա Կուտականի հատվածում, որ մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, որ մեր զինծառայողի դին գտնվում է  հակառակորդի դիրքի մատույցներում: Այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը չի տալիս»,- ասել է Ասրյանը: