Մեկնարկել է հրաձգության դասընթացը. մասնակցում են նաև զոհված զինծառայողների մայրերը և կանայք. ՊՆ

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 5-ին նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։ 

Շրջելով բացազատված ուսումնական կետերով, նախարար Պապիկյանը հետաքրքրվել է գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։

Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։

Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում, պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։