ԻՐԱՎՈՒՆՔ.«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

«Հարսնաքար» ռեստորանում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «թիկնազորի» անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մի նոր հանցագործության: Հանցագործություն, որն իրականացվում է համակարգված քաղաքականությամբ և անթաքույց ցինիզմով, օրենքի ոչ միայն ոգու այլ հենց տառի կոպիտ և բացահայտ խախտումներով:

Այս երկրորդ հանցագործությունը` տուժող կողմի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ և ապակողմնորոշող եզրակացության ներկայացնելը, սպանության հանգամանքները դիտավորյալ կերպով չբացահայտելը, խեղաթյուրելը և կոծկելը, հավանական մեղավորների մի մասի (ըստ հիմնավոր կասկածների` նաև հանցագործությանը տեղյակ և սպանության հրահանգ տված Ռուբեն Հայրապետյանի և նրա «թիկնազորի» անդամների մի մասի) պատասխանատվությունը բացառելը, տուժող կողմի փաստաբանների աշխատանքի խափանման ու ձախողման նպատակով նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելը, խիստ ընդգծված կերպով ցուցադրում է երկրում քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի գործունեությամբ առաջացած արդարության ճգնաժամի կործանարար խորությունն ու դրա անհամատեղելիությունը պետության կողմից արժանապատիվ կյանքի ու բնական իրավունքների պաշտպանվածության անքննելի պահանջի հետ:

1. «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը,

առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանցից բխող ու պետության համար առանցքային համարվող պաշտպանության պատասխանատվության թելադրանքով,

գործելով անցյալում բռնարարքներին պատշաճ իրավական գնահատական չտված ու կատարողներին հովանավորող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հիմնարար պետական գործառույթի խախտմամբ հանրապետությունը բռնապետության փոխակերպելու փորձերը կանխարգելելու հաստատակամությամբ,

ձգտելով հասարակությանը զերծ պահել բռնարարքներին բռնարարքներով պատասխանելուց,

հիմնվելով միջազգային իրավական պրակտիկայում կիրառվող անցումային արդարության սկզբունքների վրա (Նյուրեմբերգյան դատավարության, ինչպես նաև տարբեր բռնապետական ռեժիմներից անցում կատարած երկրների փորձի հաշվառմամբ)

նպատակ ունենալով երկրում ստեղծել բնական արդարության վրա խարսխված արդարադատության համակարգի սաղմեր,

հայտարարում է.

Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Հանրային արդարության տրիբունալի հիմնական գործառույթներից պետք է լինեն.

 իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը և նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը,

 բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների հրապարակումը.

 արդարադատության իրականացումից զրկած հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդումը արժանապատվության և բնական իրավունքների ու արդարության ճանապարհով, այսպիսով կանխելով գործող դատաիրավական համակարգի` հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը:

2. Միևնույն ժամանակ` Շարժման նախաձեռնող խումբը.

 գործող դատաիրավական մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում է կատարել Վահե Ավետյանի սպանության և նրա ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի լրիվ, համակողմանի ու անաչառ քննություն,

 դիտավորյալ գործողություններով արդարադատությունը խափանած ու արդարադատական համակարգը որպես հանցագործության կոծկման և պաշտոնեական հանցագործությունների կատարման գործիք օգտագործելու փորձ կատարող պաշտոնյաներին հիշեցնում է օրենքի առջև նրանց պարտականության ու անհատական պատասխանատվության կանչվելու անխուսափելի հեռանկարի մասին:

«Վահե Ավետյան» հասարակական շարժում 27 օգոստոսի 2012թ