Գեղանիստում կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ. Գեղանիստ):

Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են իրավական ակտերով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները. 

չի ապահովվել արտադրամասի պաշտպանությունը կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից.

արտադրական շինություններում պահվել են սարքավորումների ընթացիկ լվացման ու ախտահանման հետ կապ չունեցող, չօգտագործվող նյութեր և պարագաներ.

սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող ջուրը չի համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին.

իսկ աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ.

սանիտարական անձնագիր չի ունեցել նաև արտադրմասի սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: