Որոնք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի հնարավոր խաղաղության պայմանագիրը. Մարուքյանը երաշխավորների կարիք է տեսնում

 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայում հնարավոր ստորագրվելիք խաղաղության պայմանագրի համար ՄԱԿ-ի մշտական անդամ երկրներից երաշխավորների կարիք է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտում է և խեղաթյուրում հրադադարի եռակողմ հայտարարությունը: Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը ստորագրելուց հետո չի խախտի և սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը։ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ՝ առնվազն ՄԱԿ-ի 5 մշտական անդամներից»,-նշել է Մարուքյանը:

ՄԱԿ մշտական անդամ երկրներն են Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը: