Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը` ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Հայ մարզիկները մեծահասակների տարիքային խմբում 4 ոսկե մեդալ են նվաճել եռամարտ վարժությունում: Եվրոպայի առաջնության բացարձակ հաղթող է դարձել 82,5 քաշային գյումրեցի մարզիկ Արա Խաչատրյանը: Մեծահասակների տարիքային խմբի եռամարտ վարժությունում նա առաջին տեղն է զբաղեցրել, ինչպես նաև դարձել բացարձակ հաղթող։ Եռամարտ վարժությունում Եվրոպայի ռեկորդով առաջին տեղն է զբաղեցրել 67,5 կգ քաշային Էդգար Բադալյանը: Նույն՝ 67,5 կգ քաշային կարգում, բայց արդեն վետերանների պայքարում եռամարտ վարժությունում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մակար Թամրազյանը: Նույն վարժությունում ոսկե մեդալին արժանացել է նաև 110 կգ քաշային Հայկ Աֆյանը՝ Չարենցավանից:
Մեծահասակների տարիքային խմբում ոսկե մեդալին արժանացել է Արտյոմ Սոլոյանը՝ (90 կգ) պառկած սեղմում վարժությունում: Վերջինս բացարձակ հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել:
Մեծահասակների տարիքային խմբում ևս երեք ոսկե մեդալ հայ մարզիկները նվաճել են ձգում վարժությունում: Առաջին հորիզոնականն են զբաղեցրել 90 կգ քաշային Գառնիկ Աբրահամյանը, 100 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը և 110 կգ քաշային Կարեն Պետրոսյանը: Ի դեպ, Հովհաննիսյանը նաև արծաթե մեդալ է նվաճել կքանիստ վարժությունում:
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), որը հանդես է եկել եռամարտ վարժությունում: Բացարձակ հաշվարկում նա երրորդ տեղն է զբաղեցրել:
Եվս մեկ ոսկե մեդալ հայ մարզիկները նվաճել են արդեն պատանիների տարիքային խմբում: Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Ղազումյանը ձգում վարժությունում գրավել է առաջին տեղը՝ պատանիների Եվրոպայի ռեկորդով:
Աղջիկների պայքարում ոսկե մեդալին արժանացել է Ժաննա Շահնազարյանը (82.5 կ): Մեծահասակների տարիքային խմբում նա առաջին տեղն է զբաղեցրել ձգում վարժությունում:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սուրեն Թադևոսյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մրցելույթը։
Հայ մարզիկներն արդեն վերադարձել են հայրենիք: Օդանավակայանում նրանց դիմավորել և նվաճած մեդալների առթիվ շնորհավորել է նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: