Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում․ Ալեն Սիմոնյան

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում: Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը և կրկին զորակցություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, և մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:

Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամուրջով:

Նախորդ տարվանից Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար:

Գագաթնաժողովի հարգելի՛ մասնակիցներ, 30 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան իրականացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու ակնկալիքները և հաստատեցին իրենց վճռականությունը՝ օգտվելու բոլոր հնարավորություններից տարածաշրջանի երկրների միջև տարբեր ոլորտներում և մակարդակներում համագործակցության ընդլայնման համար: Այսօր էլ այդ ակնկալիքները մնում են նույնքան արդիական:

Որպես կազմակերպության հիմնադիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Վեհաժողովի ներուժի լիարժեք օգտագործմանը՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու և կանոնադրական նպատակներն արդյունավետ իրականացնելու համար:

Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ի և Խորհրդարանական վեհաժողովի միջև ավելի սերտ համակարգումը, ինչը կնպաստի նրանց միջև ավելի ամուր փոխգործակցության կառուցմանը: Հաշվի առնելով Վեհաժողովի մշտական կոմիտեի և ՍԾՏՀ բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի միջև համատեղ հանդիպումների անցկացման անցյալի փորձը՝ մենք կարծում ենք, որ վաղուց արդեն պետք էր վերսկսել նման հանդիպումները՝ հանգամանորեն քննարկելու սեղանին դրված բոլոր խնդիրները:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, մեր համոզմամբ, պետք է շարունակի գործադրել իր հետագա ջանքերն ապաքաղաքական, կառուցողական և համապարփակ կերպով՝ հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա: Տարածաշրջանային փոխգործակցությունը կարող է զգալիորեն շահել խորհրդարանական համագործակցությունից:

Կարևոր ենք համարում, որպեսզի ՍԾՏՀ ԽՎ-ի և ընդհանրապես ՍԾՏՀ-ի գործունեությունը ներդաշնակեցվի գլոբալ, հատկապես՝ ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգի հետ:

Հայաստանը հավատարիմ է մնում այս կազմակերպության հռչակած նպատակներին: Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի ժողովուրդը հստակ և բարձրաձայն վերահաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական և սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների նկատմամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար:

2021 թվականին, այնուհետև` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով` ներխուժելով և գրավելով մեր ինքնիշխան տարածքները:

Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար:

Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից:

Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում:

Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար:

Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ և ակնկալում ենք, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, և ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին:

Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության և մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ և Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով:

2021 և 2022 թվականներին Հայաստանի տնտեսությունը կայուն աճ արձանագրեց: Նախորդ տարի այն կազմել է ավելի քան 14 տոկոս, իսկ մեր կազմակերպության անդամ մի քանի երկրների հետ առևտրաշրջանառությունը զգալի աշխուժացավ: Մեր տնտեսությունը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ՝ շնորհիվ առողջ մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացման վրա ազդող օրենսդրական բարեփոխումների: Մենք նաև ձեռնամուխ ենք եղել էական բարեփոխումների, որոնք ուղղված են կոռուպցիայի նվազեցմանը և թափանցիկության բարձրացմանը:

Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարևորությունը, ինչպես նաև արժևորում է տարածաշրջանային կապի և կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը: Հայաստանը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության լիարժեք հարգման սկզբունքների հիման վրա:

Միջազգային արագ փոփոխվող միջավայրում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի տարածաշրջանային շարժիչ ուժ: Միայն այն դեպքում, երբ մենք՝ խորհրդարանականներս, մեկտեղենք մեր ջանքերը, կկարողանանք հաղթահարել ընդհանուր մարտահրավերները և օգտվել ընդհանուր հնարավորություններից: Եկեք օգտագործենք այս հոբելյանական տարեդարձը՝ անդրադառնալու անցած երեք տասնամյակների դասերին և վերահաստատենք մեր հանձնառությունը՝ առաջ մղելու կազմակերպությունը:

Եզրափակելով խոսքս՝ շնորհավորում եմ Ուկրաինային ՍԾՏՀ ԽՎ-ի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթում իրենց ձեռնարկումներում:

Շնորհակալություն ընդունող երկրին հյուրընկալության և գագաթնաժողովի կազմակերպման համար»: