День Победы. Հայաստանում նշում են Հաղթանակի տոնը

День Победы. Հայաստանում նշում են Հաղթանակի տոնը
День Победы. Հայաստանում նշում են Հաղթանակի տոնը

Այսօր` մայիսի 9-ին, Հայաստանում նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը:

Թեեւ սովորաբար այս օրը հիմնական շեշտը դրվում էր Եռատոնի շնորհավորանքներին` մեծ նշանակություն էր տրվում Շուշի ազատագրմանը, այնուամենայնիվ, այս տարի հիմնական առանցքում Երկրորդ աշխարհամարտի հաղթանակն է: Գյումրիում` ռուսական զինուժի հետ համատեղ, իսկ Երեւանում` Հաղթանակի զբոսայգում տոն է: Արցախում նշում են Եռատոնը:

«Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ,-նշել է իր շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը,- Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը: Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց»:

Հեռուսաալիքներով աշխարհամարտի մասին ֆիլմեր են, լրահոսում` շնորհավորանքներ:

«Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, մարդկանց և ազգերի խաղաղ ու ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի և Հայրենիքի պաշտպանության նվիրական խորհուրդն ունի մեզ համար: Աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները Հայրենական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում հերոսական մասնակցություն են ունեցել բռնության դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում: Հայրենասեր ու քաջարի նույն ոգով հայորդիք ազատագրեցին Շուշին` մեծ հաղթությամբ պսակելով Արցախյան ազատամարտը: Լի ենք հավատով` Աստծու զորակցությամբ հաղթանակով պիտի պսակվի նաև արցախահայության ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը»,-նշված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում::

«Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որ երկնային լուսեղեն հարկերում խաղաղություն շնորհի հանուն հայրենյաց նահատակված մեր ժողովրդի հերոս զավակների հոգիներին: Հայցում ենք, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհի ներքո զորանան խաղաղության ուղիներն աշխարհում: Թող Տերը խաղաղ ու շեն պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի»:

© Medialab.am