Ճոճանակային միգրացիա` դեպի Ռուսաստան. Ըստ փորձագետների, Հայաստանը կանգնած է ռազմավարական խնդրի առաջ

Ճոճանակային միգրացիա` դեպի Ռուսաստան. Ըստ փորձագետների, Հայաստանը կանգնած է ռազմավարական խնդրի առաջ
Ճոճանակային միգրացիա` դեպի Ռուսաստան. Ըստ փորձագետների, Հայաստանը կանգնած է ռազմավարական խնդրի առաջ

Ռուսախոսների համար Ռուսաստանի դռների բացվելը եւ քաղաքացիության տրամադրման դյուրացված կարգը, ըստ Արմեն Կիրակոսյանի հենց այն է ինչի մասին երազում էր:

«Կգնամ Սամարա, մարդավարի կաշխատեմ,-«Մեդիալաբին» ասում է  48-ամյա  Արմեն  Կիրակոսյանը, ով անցած տարեվերջին ՌԴ-ից Երեւան է վերադարձել ընտանիքի հետ Նոր տարին նշելու, սակայն հազարավոր հայրենակիցների նման հետ վերադառնալ չի կարողացել` օրենսդրական փոփոխությունների պատճառով:

«Քանի ամիս ա մնացել եմ Հայաստանում, փոխված օրենքի պատճառով չեմ կարողանում հետ գնալ, ոչ գործ ունեմ, ոչ էլ հույս: Կգնամ ու քաղաքացիություն կստանամ, մտածելու բան էլ չկա»,-ասում է նա:

Ապրիլի 16-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնային խորհրդում հավանության արժանանալուց հետո, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսաց լեզվի իմացություն ունեցողներին պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը:

Միգրացիայի հարցերով փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, թեեւ քաղաքացիություն ստանալու կարգը ՌԴ-ում հեշտացվում է ուկրաինական զարգացումներով պայմանավորված, համընդհանուր կիրառության դեպքում, եթե կյանքի կոչվի այնպես,  ինպես գրված է օրենքում, Հայաստանից արտագաղթի տեմպերը կավելանան: 

«Չմոռանանք, որ այդ  պարզեցված կարգից առաջ ունեցանք ՌԴ օերնսդրության փոփոխություն, որով  պայմանավորված մոտ երկու 100-220.000 ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելափակվեց: Այդ մարդկանց հիմնական մասը ՌԴ աշխատանքային միգրատներն են, որոնք ցանկություն կունենան քաղաքացիություն ստանալոով իրենց խնդիրը Ռոուսաստանում աշխատանքի հետ կապված հեշտացնել»,-«Մեդիալաբին» ասում է Եգանյանը:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխություններով, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ ոչ ավելի, քան 90 օր: Ըստ այդմ, նրանք կարող են կրկին երկիր այցելել միայն 180 օրից: Օրենքը իսկական պատուհաս է դարձել բազմաթիվ հայ ընտանիքների համար, որոնք տասնամյակներ շարունակ գոյատեւել են Ռուսաստան մեկնող տղամարդկանց արտագնա աշխատանքի շնորհիվ:

Ռուսաստանից Հայաստան մտնող հսկայական տրանսֆերտները դրա վառ վկայությունն են: Միայն անցյալ տարվ առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է մտել 942,0 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է առնվազն 12 տոկոսով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների,  տրանսֆերտների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 797,0 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ՌԴ նախագահի այսօր ստորագրած օրենքով, Ռուսաստանի քաղաքացիություն կարող են ստանալ օտարերկրացիները, որոնք համարվում են ռուսաց լեզվի «կրողները» եւ որոնց կամ նրանց անմիջական ազգականները ապրում կամ ապրել են Ռուսաստանում, Ռուսական կայսերության և ԽՍՀՄ տարածքներում:   Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները ստիպված կլինեն հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից: Նշենք, որ քաղաքացիություն ձեռք բերելու համար նախկինում հարկավոր էր հինգ տարի շարունակ Ռուսաստանում կացության կարգավիճակով ապրել:

Միգրացիայի հարցերով փորձագետ Ռուբեն Եգանյանի խոսքով,  2007 թվականից մինչեւ այսօր Հայաստանից տարեկան 30. 000  մարդ է մեկնում եւ չի վերադառնում Հայաստան:

«Նրանց մոտ 50 տոկոսը կազմում են մշտապես էմիգրացվողները` այսինքն,  նրանք, ովքեր գնում են չվերադառնալու պատրաստակամությամբ եւ մնացածը կազմում են ժամանակավոր աշխատանքային միգրանտները, որոնք գնում եւ չեն վերադառնում, բայց կարող է վերադառնան, թե երբ եւ ինչու, դա այլ հարց է: Միգրանտների հիմնական մասը մեկնում է դեպի Ռուսաստան, փոքր մասը` այլ երկրներ »  ,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Եգանյանը:

Փորձագետի ունեցած տեղեկություններով,  2002-2006 թվականների համեմատ,  2007-ից սկսած Հայաստանից արտահոսքն ավելացել է մոտ 20 տոկոսով:

Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի, թեեւ խոսք է գնում երկու միլիոնի մասին, այնուամենայնիվ ամենահամեստ տվյալներով Ռուսաստանում ներկայումս շուրջ երեք միլիոն հայ կա: Սոցիոլոգի խոսքերով, եթե պետությունն ուզում է, որ հայերը մնան Հայաստանում, իսկ արտերկիր մեկնածներն էլ հետ գան, պետք է համապատասխան պայմաններ ստեղծի այդ հարցը դարձնի երկրի ռազմավարական խնդիրը:

«Մենք ոչ թե պետք է ապրենք յոլա գնալով, այլ պետք է նորմալ ապրենք: Եթե  գնում ես Ռուսաստան, այնտեղ տները ջեռուցվում են,  նորմալ, չափավոր թոշակներ են ստանում ծերերն ու ուսանողները, այսինքն, բնակչության նկատմամբ պետական համակարգի բավականին լուրջ վերաբերմունք կա, այն ինչը  Հայաստանն այսօր իրենք թույլ տալ չի կարող»,-«Մեդիալաբին» ասում է Ահարոն Ադիբեկյանը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանը նույնպես խնդրի լուծումը տեսնում է պետության վարած քաղաքականության փոփոխության մեջ:

Ըստ նրա, իրենց վարած քաղաքականության համար ոչ թե այլ պետություններն ու նրանց ղեկավարներն են մեղավոր,  այլ սեփական պետությանը:

«Խնդիրները պետք է փնտրել երկրի ներսում, պահանջները պետք է ներկայացնել սեփական իշխանությանը: Եթե Ռուսաստանը կամ Եվրոպան վարում են ինչ-որ քաղաքականություն, իրենց շահերից ելնելով են վարում»,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը: 

Նրա խոսքով, Հայաստանը նախ եւ առաջ պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը հաշվետու է կլինի իր քաղաքացիների առաջ:

Ի դեպ,  Հայաստանից Ռուսաստան աշխատուժի ներգրավման նպատակով դեռ 2006 թվականից Ռուսաստանն իրականացնում է Հայաստանի պետական շահից չբխող «Հայրենակիցներ» ծրագիրը, որի շրջանակներում հազարավոր քաղաքացիներ մեկնում են Ռուսաստան: Հայաստանում այս ծրագրով 2012թվականի  տարվա տվյալներով, Ռուսաստան մեկնելու դիմում են ներկայացրել 26 հազար անձինք, 1500-ն արդեն մեկնել են: Նրանք պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից եւ ընդունեն ՌԴ քաղաքացիություն: 

Ծրագրի համար ՀՀ քաղաքացիների դիմումներն ընդունվում են Գյումրիում՝ ամսական 2 անգամ:

Ուշագրավ, որ այս ծրագիրը անընդունելի էր համարել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այն ձեւով եւ ֆորմատով, որ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը Հայաստանում իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, ՀՀ կառավարության համար ընդունելի չէ», -2012թ-ի հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այս հարցը մտահոգում է ՀՀ կառավարությանը, եւ բարձրացվել է ՌԴ-ի իշխանությունների մոտ, ընդհուպ՝ քննարկվել է միջկառավարական հանձնաժողովում:

Հայաստանի նախկին վարչապետի այս հայտարարությանը բավականին կոշտ էր արձագանքել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կովալենկոն հայտարարելով, որ մարդիկ Հայաստանից հեռանում են ոչ թե «Հայրենակիցներ» ծրագրի պատճառով, այլ բոլորովին այլ պատճառների եւ հանգամանքների ազդեցությամբ:

Հանգամանքը, որ հայերը հիմնականում Ռուսաստան են մեկնում, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մի քանի պատճառներով է բացատրում:

Նախ, հայերի համար Ռուսաստանում հարմարվելը հեշտ է՝ընդհանուր անցյալը, արժեհամակարգն ու վերվելակերպը հաշվի առնելով: 

Սոցիոլոգի խոսքով,  Եվրոպա գնալը լուրջ խնդիր է, բացի այն, որ պետք է լեզվին եւ օրենքներին տիրապետել, ինչը  շատերի համար մատչելի չէ,  այլ  են նաեւ մարդկային հարաբերությունները:

«Ռուսաստանը մեզ համար մնում է բավականին հարմար տարածք, մեր մասնագիտական ունակություններն ու մտավոր կարողությունները Ռուսաստանում պահանջված են, իսկ Եվրոպայում` ոչ»,-«Մեդիալաբին» ասում է Ահարոն Ադիբեկյանը՝ մխիթարական համարելով, որ գոնե Ռուսաստանից Հայաստան հետ վերադառնալն ավելի հեշտ կլինի:

«Գոնե այստեղ հույս կա, որ տարեկան մեկ միլիոն հայ է վերադառնում Հայաստան եւ նորից գնում Ռուսաստան, այսինքն, այդ ճոճանակային միգրացիան մեզ օգուտ է այն առումով, որ Հայաստանի տասը ընտանիքներից գոնե երեքը կարողանում են այդ միջոցների հաշվին գոյատեւել»,-եզրափակում է Ադիբեկյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am