Ադրբեջանցիները ամբողջովին ավերել են Հադրութի 1932 թ. կառուցված գրադարանի շենքը

Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Այդ մասին «Արցախպրեսի» զրույցում տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, որը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:

«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,- ասում է գրադարանի տնօրենը։ 

Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով՝ գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ 39.720 կտոր գիրք, շուրջ 750-800 ընթերցող ունեին: «Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա»,- նշել է Վ.Ամիրջանյանը՝ հավելելով, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորումը միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար: