Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ՝ հավատարիմ մնացեք հիմնական օրենքին․ ԱՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ

Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է: Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ:

Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը: Այն արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները:

Դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։

Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»: Հատկանշական է, որ այն մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։

Ասել է թե վաղ ժամանակներից է գիտակցվել պետության ամրապնդման գործում Սահմանդրության կարևորությունը՝ երկրի ներքին կյանքի կանոնակարգման ու արտաքին հարաբերությունների հաստատաման տեսանկյունից:

Հայաստանի մերօրյա Սահմանադրությունը ստեղծվել է անկախության վերականգնմամբ, այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։

Այդ օրվանից հուլիսի 5-ը դարձավ պետական տոն, քանզի ընդունված փաստաթուղթը ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Ուզում եմ կրկին շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին այդ տոն օրվա կապակցությամբ ու հորդորել հավատարիմ մնալ երկրի հիմնական օրենքի դրույթներին:

Տեր կանգնեք Սահմանադրությամբ նախանշված ձեր իրավունքներին, կատարեք Սահմանադրությամբ նախանշված պարտավորությունները: Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն: Դա կարևոր է հատկապես այս բարդ ժամանակներում, երբ վտանգված են հայկական պետականության հիմքերը, քաղաքացու՝ իր հողում ազատ ապրելու իրավունքը :

Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ կարևորեցեք այդ ամենը ու պայքարեք մեր ու ձեր իրավունքների համար»: