Երևանում դիմակավորված անձինք կապել են տանտերերի ձեռքերն ու հափշտակել խոշոր չափերով գումարներ, ոսկյա զարդեր. ՔԿ

2023 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 01:45-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել՝ անհայտ անձանց կողմից բնակելի տուն ներխուժելու, բնակիչներին կապկպելու, գումար և թանկարժեք իրեր գողանալու վերաբերյալ։

«Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, երկու անհայտ անձ՝ դիմակավորված, ապօրինի կերպով մուտք են գործել Երևան քաղաքի Տիտովի փողոցի տներից մեկը, կապել բնակիչ ամուսինների ձեռքերը, զենքի ցուցադրմամբ և սպառնալիքներ հնչեցնելով հափշտակել են տարբեր արտարժույթներով առանձնապես խոշոր չափերով գումարներ, ոսկյա զարդեր։ Ապա տանտիրոջը պատկանող Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով նշված անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ 2023 թ. հուլիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, վերցվել են ձեռքի և կենսաբանական ծագում ունեցող հետքեր, ինչպես նաև՝ առանձնատանը հայտնաբերված կպչուն ժապավեններ: Ամուսինները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տուժողին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան անվնաս վիճակում հայտնաբերվել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց գտնվող կանգառում: Հետագա քննչական և վարութային գործողություններ կատարելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հափշտակված նյութական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։