3 օրվա ընթացքում՝ 2 ինքնասպանության դեպք և 1 սպանության փորձ, շատ չէ՞ մեր զինված ուժերի համար․ Փաստաբան

3 օրվա ընթացքում՝ 2 ինքնասպանության դեպք և 1 սպանության փորձ, շատ չէ՞ մեր զինված ուժերի համար․ Փաստաբան
3 օրվա ընթացքում՝ 2 ինքնասպանության դեպք և 1 սպանության փորձ, շատ չէ՞ մեր զինված ուժերի համար․ Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձել է վերջին օրերին ԶՈՒ արձանագրված դեպքերին։ Փաստաբանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Զինված ուժերում երեք օրվա ընթացքում արձանագրվել է երկու ինքնասպանության դեպք և մեկ սպանության փորձ:
Շատ չէ՞ մեր զինված ուժերի համար: 

Ե՞րբ պետք է սթափվենք և հասկանանք, որ զինված ուժերում տիրող ոչ ֆորմալ բարքերը ուղղակիորեն խժռում են մեր զավակներին, ու մենք դեռևս չենք գտել դրա հակաթույնը:

Բավական չէ՞ մարդկային ողբերգությունը սփոփել վիճակագրական չոր թվերով:

Վստահ եմ, որ բանակում հանցագործությունների ճնշող մեծամասնության պատճառը ոչ ֆորմալ ինստիտուտների գերիշխումն է:
Այդ հանցագործությունների հիմքում հիմնականում առկա են դեռևս գոյություն ունեցող այն հանցավոր արժեքները, որոնք ցավալիորեն հասարակությունից ներթափանցել են բանակ:

Այդ արժեքների գործունեության արդյունքում անխուսափելիորեն խաթարվում է օրինականության սկզբունքը, զինված ուժերի կանոնակարգերը, հեղինակազրկվում է սոցիալական արդարության գաղափարը, ոտնձգության թիրախում հայտնվում զինծառայողների անձնական արժանապատվությունը:

Սրան զուգահեռ, այդ արժեքները կրող անձինք փորձում են ստեղծել իրենց պատկերացրած ոչ ֆորմալ վարքականոնները, ինքնատիպ սոցիալական միջավայրը, արդյունքում կառուցվում է հանցավոր մի համակարգ՝ հիմնված խեղաթյուրված չափանիշների և մարդկային հարաբերություններին խորթ պատկերացումների վրա:

Տարիների տխուր վիճակագրությունը ցույց է տալիս արձանագրելու, որ այսպիսի ոչ արժանապատիվ իրավիճակում հայտնված զինվորները հայտնվում են հոգեբանական ընկճված վիճակում, և առհասարակ, զինծառայողների միջև փոխադարձ հայհոյանքները երբեմն ավարտվում են կա՛մ ինքնասպանությամբ, կա՛մ սպանությամբ:

Բանակում այս առումով լրջագույն խնդիրներ կան, որոնք պետք է հրատապ կերպով լուծվեն:
Ընդհանրապես բանակից արմատախիլ արե՛ք ծեծն ու հայհոյանքը:
Որևէ զինծառայող, անկախ իր պաշտոնից և ունեցած կոչումից, շարքայինից մնչև գեներալ չպետք է ենթարկվի որևէ նվաստացման:
Այն սպան, ով հայհոյեց և նվաստացրեց որևէ զինվորի, նա կորած անձնավորություն է, և պետք է շատ արագ մեկուսացվի անձնակազմից: 
Եվ ճիշտ հակառակը, այն զինվորը, ով չենթարկվեց իր վերադասին, ով փորձ արեց սահմանել սեփական խաղի կանոնները, որոնք դուրս են բանակային կանոնակարգերի սահմաններից, նոյնպես պետք է մեկուսացվի:
Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում իրական հեղինակություն վայելի, որը կկառուցված չլինի վախի, բռնության ու սպառնալիքի վրա:
Որևէ կասկած չունեմ, որ այսպես կոչված ՛՛հեղինակությունները՛՛ պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի շատ խիստ ու հետևողական աշխատանք՝ այդ մտայնությունն իսպառ վերացնելու համար:

Զինված ուժերում պետք է իսպառ վերացվի անպատժելիությունը:

Պետք է հստակ գործի խրախուսման համակարգը, ստվերում մնացած և անհրաժեշտ կարողություններ ունեցող սպաները պետք է գնահատվեն և հավուր պատշաճի խրախուսվեն:
Անհրաժեշտ է զրո հանդուրժողականության սկզբունք որդեգրել որևէ տեսակի հովանավորչության ու կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ:
Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի զինվորը:

Զինվորների միջև խտրականության դրսևորումը հոգեբանական սթրես է ստեղծում մյուսների մոտ: 
Հետևաբար, ամենալավ հրամանատարն այն հրամանատարը չէ, ով տեղաշարժվում է ամենագնաց ու ամենաթանկարժեք ավտոմեքենայով և նվաստացնում իր ենթականերին, ով բռնություն է կիրառում նրանց նկատմամբ և ամբողջ անձնակազմին պահում վախի մթնոլորտի մեջ:
Լավ հրամանատարը զինվորի իրավունքները հարգող, նրա արժանապատվությունը երբեք չնսեմացնող հրամանատարն է, ում հետևից զինվորը նույնիսկ մեռնելու կգնա…

Հ.գ. Բանակում շատ բան կա փոխելու: Մնում է ատամները կրճտացնելով՝ համբերել, թե ե՞րբ…»։