«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, երբ հայտարարվեց, որ Հայաստան է գալու աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը, հանրության մի հատվածը քննադատեց իշխանության այս որոշումը՝ այն համարելով բարոյական առումով սխալ քայլ: Այսօր էլ գործադիրը որոշեց այդ համերգի համար հատկացնել մոտ 6 միլիոն դոլար գումար: Այս իրավիճակում այսքան գումար հատկացնելու ու նման համերգ կազմակերպելու որոշումն ինչպե՞ս եք գնահատում:
– Ո՞ր իրավիճակում:
– Այն իրավիճակում, որում գտնվում են Արցախն ու Հայաստանը՝ շրջափակում, պատերազմի վտանգ…
– Մենք 30 տարուց ավելի գտնվում ենք պատերազմական վիճակում, դա հո չի՞ նշանակում, որ պետք է որևէ միջոցառում կազմակերպելուց ձեռնպահ մնանք: Ես անձամբ այդ ռեփերին չեմ ճանաչում, նրան գնահատել կամ նրա գալու կարևորությունը չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել, բայց եթե Կառավարությունը գտել է, որ դրա համար հատկացնել այդքան գումար, նշանակում է, որ դա պետք է:
Իմ ասածի իմաստն այն է, որ մենք չպետք է կառավարության կողմից կայացված այս կամ այն որոշումն անմիջապես փաթեթավորենք այսօրվա պայմաններով: Նորից եմ ասում՝ պատերազմական իրողությունների մեջ ենք 30 տարուց ավելի, և դա չպետք է խանգարի մեզ, բնականաբար հնարավորության սահմաններում, իրականացնել նմանատիպ միջոցառումներ:
– Այսինքն՝ մենք այդ հնարավորություններն ունե՞նք:
– Բնականաբար, բնականաբար այդ հնարավորությունները կան, եթե այդ գումարները հատկացվում են, չեն հատկացվում որևէ ծրագրի կամ Արցախի նկատմամբ ունեցած մեր պարտավորությունների չկատարման հաշվին: Բնականաբար այդպես չէ, ու հետևաբար դա արվում է այդ նպատակների համար հատկացված միջոցների հաշվին կամ պահուստային ֆոնդից:
– Փաստորեն, քննադատությունները, որ այդ գումարով կարելի է այս կամ այն հարցը կարգավորել, անհի՞մն են, պարո՛ն Աղազարյան:
– Արդարացված չեն, ավելի լավ է քննադատություններն ուղղված լինեն այն հանգամանքին, երբ այդ հայտնի ռեփերը, որին չեմ ճանաչում, գա, գնա, ու նրա թողած մշակութային նստվածքը գնահատելիս հնչեն քննադատություններ, ասեն՝ այսքան գումար ծախսվեց, բայց անտեղի էր, որովհետև արդյունքն այն չէր, օրինակի համար: Ավելի լավ է քննադատություններն այս բովանդակության մեջ լինեն, քան քայլերի համար, որոնք պետության գործառույթների մեջ են մտնում: Եթե գա ու մեր երիտասարդության համար չունենա այն ազդեցությունը, որը հավասարազոր է 6 մլն դոլարի ծախսմանը, ես մի քիչ կնեղանամ, բայց, կարծում եմ՝ այդպես չի լինի:
– Նման համերգներով պետությունն ի՞նչ խնդիր է լուծում:
– Դրանք պարտադիր ատրիբուտներ են, որ պետք է արվեն: Վերցնենք մի առանձին ընտանիքի օրինակ, որտեղ վերջերս տեղի է ունեցել դժբախտություն. հիմա ի՞նչ, այդ ընտանիքը պետք է որևէ բան չձեռնարկի: Պարզ է, մարդիկ, ոնց ընդունված կարգն է, ամեն բան կանեն, բայց դա չի նշանակում, որ այլ բան պետք է չձեռնարկեն, ես դրա կողմնակիցը չեմ: Ամեն ինչ, բնականաբար, չափի մեջ ու, ընդհանուր առմամբ, համահունչ պետք է լինի իրողություններին, որ կա: 17-18 տարեկան երիտասարդը պետք է իմանա, որ պետությունը իրեն միայն չի ասում՝ պետք է աշխատես, սովորես, գնաս ծառայես բանակում, այլ նաև հնարավորություն է ստեղծում նմանատիպ բաների համար: Երիտասարդների համար երևի դա շատ կարևոր միջոցառում է, քանի որ ես այդ տարիքից դուրս եմ եկել, իմ գնահատականը մի փոքր ավելի զուսպ է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am