Երևանում տեղադրված կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում

Ստվարաթղթե ու փայտե արկղեր, մետաղական ու պլաստմասե արգելանշաններ. ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ճանապարհի երթևեկելի հատվածում օրենքն արգելում է կանգնակ տեղադրել: Չկա նման վայր կամ տեղ, որտեղ թույլատրվում է կանգնակ դնել: Դրանք, իհարկե, տարբեր պատճառներով են տեղադրվում՝ գումար շորթելու, հատկացված ծառայողական կայանատեղի այլ մարդկանց մուտքը չթույլատրելու համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարեկային ծառայության հետ ամենօրյա ուժեղացված ստուգայցեր է անում: Կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով կանգնակն այս հատվածներում արգելվում է: Տուգանքը 25.000 ՀՀ դրամ է: Արձանագրությունը կազմվում է տեղում, քաղաքացուն տրամադրում ենք կտրոնը. 30 օրվա ընթացքում կարող է վճարել կամ բողոքարկել»,- նշում են պարեկային ծառայողները:

«Կանգնակները խնդիր են ամբողջ քաղաքում, հատկապես՝ կենտրոնում, կան նաև մշտական հասցեներ»,-դժգոհում են վարորդները: Տնտեսվարողներն էլ հակադարձում են՝ եթե չտեղադրեն մուտքը կփակվի:
Հունվարից մինչև հիմա մոտ 1000 կանգնակ է հեռացվել:

Ստուգայցերը լինելու են շարունակական: Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու չտեղադրել կանգնակներ: