Մեր դիրքորոշմանը հավատարիմ չմնալու դեպքում ենթարկվելու ենք էթնիկ զտման ու ցեղասպանության. Արցախի ԱԺ պատգամավոր 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը 

– Պարո՛ն Հարությունյան, խորհրդարանի հինգ խմբակցություն համատեղ հայտարություն եք տարածել, որով պահանջում եք «Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Այդ հայտարարությամբ մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը՝ կապված Արցախի ապագայի հետ, ու քանի որ զարգացումները բավականին արագ են ընթանում, ու հաճախ նորանոր հայտարարություններ են հնչում տարբեր բևեռներից, մենք նպատակահարմար ենք գտնում պարբերաբար ընդգծել, թե ինչպիսին է Արցախի ժողովրդի դիրքորոշումը։ 

Իսկ այդ դիրքորոշումն անփոփոխ է, մենք մեր որդեգրած ճանապարհից չենք շեղվում, և ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե ինչ-որ քմահաճույքի կամ նախապատվության հարց է, այլ գոյաբանական խնդիր է, այլապես մենք էթնիկ զտման ու ցեղասպանության կենթարկվենք։

Հայտարարության հիմնական երկու մեսիջը հետևյալն է․ առաջինը, որ մեր դիրքորոշումն անփոփոխ է, ու նաև ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կպաշտպանի ու կշարունակի այդ գիծը, որը որդեգրվել է դեռևս 92 թվականին, և մյուս կողմից էլ՝ Բաքվից հնչում են որոշակի հայտարարություններ, որի վերաբերյալ ևս մենք ցանկացանք մեր շեշտադրումն անել: Դրան պատասխանեց նաև Արցախի ԱԳՆ-ն, որ նման քննարկումներ հնարավոր են միայն միջազգային մեխանիզմների ու երաշխիքների ներքո, այլ ձևաչափով մենք Բաքվի հետ ուղիղ երկխոսություն չենք պատկերացնում։

– Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ իրենց քաղաքական թիմի առաջնորդը Արցախի մասով ցանկացած բանակցության մանրամասները հայտնում է Արցախի իշխանությանը, ու Արցախում ևս տեղյակ են, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները։ Երբ խորհրդարանական ուժերդ նման հայտարարություն եք տարածում ու Հայաստանի իշխանություններից պահանջում հավատարիմ մնալ Գերագույն խորհրդի որոշմանը, հանրությունն իրավունք ունի՞, այնուամենայնիվ, կասկածելու, որ Արցախում ամեն բանից այնքան էլ տեղյակ չեն, ու, ըստ էության, չեք վստահում գործող իշխանությանը։ 

– Այդ կապակցությամբ Անվտանգության խորհրդի շրջանակում հայտարարություն ենք տարածել, ու Հանրապետության նախագահն ասել է, որ, այո՛, իրեն երբեմն տվյալներ են փոխանցվում, և նա կա՛մ համաձայնում է, կա՛մ իր անհամաձայնությունն է հայտնում այս կամ այն դիրքորոշման հետ կապված։ Քանի որ ես Անվտանգության խորհրդի կազմում չկամ, ու որոշակի տեղեկատվության սահմանափակում կա, այս հարցին սրանից ավելի չեմ կարող պատասխանել։

– Պարո՛ն Հարությունյան, Արցախում ներքաղաքական ի՞նչ զարգացումներ են ընթանում։

– Գոնե արտաքին մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ Արցախում կա ընդհանուր ըմբռնում, ու կարծում եմ, որ հենց մեր հայտարարությունների փաստը, որոնք ուղղված են Արցախի ապագային, ինքնորոշման իրավունքի իրացմանը, մշտապես լինում են համատեղ, ու սա խոսում է այն մասին, որ առանցքային այս հարցերում մենք դիրքորոշումների տարբերություն չունենք, ու բոլորիս համար վերջնանպատակը մեկն է՝ ազատ, անկախ ու պաշտպանված Արցախ, իսկ սրան հասնելու ճանապարհները, բնական է, կարող են տարբեր լինել։ Բայց գիտակցումը, որ մենք հիմա մեզ պառակտված լինելու շռայլություն չենք կարող թույլ տալ, կա Արցախում, ու այս պահին ներքաղաքական սուր խմորումներ կամ ինտրիգներ չկան։

– Աշխարհաքաղաքական զարգացումներին հետևելիս, Ադրբեջանից եկող հայտարարություններին ունկնդրելիս, ձեր տպավորությամբ, Արցախը դեռ երկա՞ր է շրջափակված մնալու։

– Բավականին դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը թույլ չի տալիս կանխատեսել։ Կարծում եմ՝ իրենք հնարավորինս փակ կպահեն, մինչև միջազգային ճնշումը կամ Ռուսաստանի կողմից ճնշումը չմեծանա այն աստիճան, որ Ադրբեջանը հնարավորություն չունենա այլևս դիմադրելու։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ընթացքում եղած ճնշումները, Հաագայի դատարանի որոշումը այս ընթացքում միայն վնասում են Ադրբեջանի արտաքին իմիջին, ու այս ճնշումները մի փուլում հասնելու են նրան, որ ոչ միայն իմիջին են վնաս հասցնելու, այլ նաև կրելու են պարտադիր բնույթ, ու Ադրբեջանն այլևս այդ ճնշմանը չի կարողանա դիմադրել։ 

– Հնարավոր ռազմական էսկալացիայի վտանգի մասին է խոսվում, ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանը կգնա՞ այդ քայլին, ու մենք ունե՞նք դրան դիմագրավելու ռեսուրս։

– Չեմ բացառում, որ գնա այդ քայլին, հաշվի առնելով նաև այն տեղեկատվական ֆոնը, որը ստեղծում է Ադրբեջանը ամենատարբեր մակարդակներով։ 

Բայց, կարծում եմ, որ Ադրբեջանը ևս գիտակցում է, որ այդ էսկալացիայի հետևանքները ծանր են լինելու, հաշվի առնելով տեղում ռուս խաղաղապահների ներկայությունը, որոնք պարբերաբար ֆիքսում են, թե ով է հրադադարը խախտում, ու նաև միջազգային հանրության գործոնը, որի ուշադրության ներքո է Արցախի հարցը։ 

Այս ամենը սակայն մեզ թույլ չի տալիս բացառել հնարավոր հարձակման հավանականությունը, ու պետք է պատրաստ լինենք զարգացման բոլոր սցենարներին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am