«Ընկերը գոռացել է՝ ո՞ւր ես գնում, Լավրո՛, չես փրկվի, հետ փախի, ինքը գիտակցաբար գնացել ա մահվան ընդառաջ»․ Լավրենտ Համբարյանը զոհվել է Մատաղիսում

«Մենք ապրում ենք դժոխքի մեջ՝ մեր ամբողջ տունը, իրա 3 տարեկան տղեն ամեն անգամ հոր նկարին նայելիս ասում ա՝ պապային եմ ուզում, Լավո՛, արի»,- հուզմունքով պատմում է 50-ամյա Գոհար Բարոյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է միակ որդուն։

27-ամյա Լևոն (Լավրենտ) Համբարյանը մասնագիտությամբ ոսկերիչ էր, ընտանիքով Մոսկվա էին տեղափոխվել բնակության նպատակով, սակայն երկրորդ երեխայի ծնվելուց առաջ վերադարձել էին Հայաստան։ Այնուհետև որոշել էր զինվորական ծառայության անցնել, ծառայում էր ՀՀ ՊՆ Վանաձորի N զորամասում՝ հետախուզության բաժնում։ 

Դստեր ծնվելուց անմիջապես հետո՝ 2020-ի հուլիսին, երբ հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում ռազմական բախում եղավ, Լավրենտ Համբարյանը արդեն դիրքերում էր․ «Աղջկան ծննդատնից տուն բերեց, իրան տարան Շամշադին։ 

«Անվախ» կոչվող դիրքը իրանցն էր, իրանք էին դիրքը գրոհել ու գրավել։ Կենդանության օրոք Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան տվեցին իրեն, նաև անձնական զենք»,- ասում է մայրն ու հավելում, որ թոռնիկը երկու ամսականը բոլորեց, ու սկսվեց 44-օրյա պատերազմը։ Որդին գնաց կրկին առաջնագիծ, բայց այս անգամ՝ չվերադարձավ…

Գոհար Բարոյանը պատմում է, որ սեպտեմբերի 26-ին վիրահատվել էր, իսկ մեկ օր հետո տղային զանգեցին ու ասացին՝ պատերազմ է սկսել: Ընտանիքի անդամները հորդորել են Լավրենտին մեկ օր էլ սպասել, քանի որ մայրը վատառողջ էր, բայց որդին չէր համաձայնվել․ «Ասեց՝ պետք ա գնամ, եթե ես չգնամ` ո՞վ գնա։ Զորամասից ուղարկել էին Շամշադին, ճանապարհին ասել էին՝ Շամշադին չենք գնալու, ուղարկում ենք Արցախ։ Եղբայրս պատմում ա, որ Լավրենտն ասում էր՝ երանի ինձ տանեն Ղարաբաղ, ես Ղարաբաղում կռվեմ»։

Մայրն ասում է՝ որդին նվիրված էր հայրենիքին, հողին ու ջրին։ Շատ խիզախ էր ու քաջ․ «Ես շատ անտրամադիր էի, բայց ինքը դուխով, միշտ ասում էր՝ մա՛մ, չվախես, սաղ լավ ա լինելու, հետ ենք գալու, հաղթելու ենք, մենք գրոհում ենք, թուրքը վախկոտ ա։ Մատաղիսում իրենք իրոք մի քանի դիրքեր գրոհել էին, որ հետո ստորագրեցին, հանձնեցին»,- հուզվում է մայրը։

Գոհարն ասում է՝ սկզբում չգիտեր, որ որդին Արցախում է, տղան չէր ցանկացել մորը հայտնել, քանի որ մայրը նոր էր վիրահատվել։ «Ինքն էր միշտ ինձ զանգում, ասում էր՝ չզանգեք։ Դուրս էի գրվել, աղջկաս ասեցի՝ ոնց ա չզանգեց, մի հատ զանգի: Աղջիկս վերցրեց, որ զանգի, լսվեց՝ «Ղարաբաղ Տելեկոմ», ասեցի՝ ո՞նց Ղարաբաղ, հետո խոսեցի, ասեցի՝ Լավրենտ, ինչի՞ ես ինձ խաբել, ասեց՝ մա՛մ ջան, քո համար, որ չմտածես»։

Լավրենը կռվել է Ջրականում, Մատաղիսում, հոկտեմբերի 6-ին Մատաղիսում էլ զոհվել է ԱԹՍ հարվածից՝ ընկերոջն օգնության հասնելիս:

Մայրը պատմում է․ «ԱԹՍ-ն եկել, խփել ա, ընկերոջ ձեռքը կտրվել ա, ցավից գոռացել ա, տղես առաջ ա վազել՝ զենքը վերև պահած, կրակելով ԱԹՍ-ին՝ գնացել է ընկերոջը փրկության, բայց չի հասցրել։ ԱԹՍ-ն խփել է ծնոտին, աորտան միանգամից տրաքացրել։ Ընկերը գոռացել է՝ ո՞ւր ես գնում, Լավրո՛, չես փրկվի, հետ փախի, ինքը գիտակցաբար գնացել ա մահվան ընդառաջ»։

Մայրն ասում է՝ հայրենիքը պաշտպանելու համար որդին միշտ պատրաստ էր կյանքը զոհվելու։ 

«Իմ սկեսրարի հայրն էլ ա գնացել պատերազմ ու չի վերադարձել… Մեր մոտ՝ Վանաձորում, Համբարյանների աղբյուր կա, Լավրենտը միշտ գնում էր էնտեղ, ասում էր՝ ես ձեր ցավը տանեմ, ուր ա թե պատերազմ լինի, առաջինը այ ես պիտի գնամ։

Հիմա էնտեղ նոր հուշաքար կա իրա նկարով»,- ասում է մայրն ու կրկին հուզվում։

Լևոն (Լավրենտ) Համբարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Գոհարն ասում է՝ որդու զոհվելու մասին տեղեկացել է հոկտեմբերի 8-ին։ Նախորդ օրը հայտնել են, որ վիրավոր է, բայց հիվանդանոցներում փնտրելուց և չգտնելուց հետո լուր են ստացել, որ որդու մարմինը բերում են։

Որդու զոհվելու մասին իմանալուց հետո Գոհարը կոմայի մեջ է ընկել, ասում է՝ չի հիշում, թե ինչ է կատարվել։ Բժիշկների օգնությամբ է կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը։

«Ժողովուրդը սաղ մեր տուն էին գնում-գալիս, ես պառկած եմ եղել, քանի որ վիրահատված էի, եկան ասին՝ հավաքվեք, Լավրենտը էլ չկա: Ես շոկի մեջ հայտնվեցի, պառկած եմ եղել՝ աչքերս փակ, շատերն են վատացել՝ կեսուրս, մամաս, Լավրենտիս կինը, աղջիկս, հորքուրի աղջիկները։

Չորս-հինգ հատ շտապօգնության մեքենաներ են եկել, մեր դռանը կանգնել, ես ամբողջ օրը կոմայի մեջ եմ եղել, ոչինչ չեմ զգացել, գիշերը վեր կացա, նորից ուշաթափվեցի, շտապ կանչեցին, հաջորդ օրն առավոտյան ասեցին՝ քեզ խելոք պիտի պահես, որ տանելու ենք Լավոյի մոտ: Եկան շտապօգնությունով նասիլկայով տարան ինձ էնտեղ, կեսը հիշում եմ, կեսն էլ չեմ հիշում»,- կսկիծով ասում է Գոհարը։

Ասում է՝ ծանր ու անհաղթահարելի է ցավը։

Սակայն որդու կորուստը միակ ծանր դեպքը չէ, որ պատահել է Գոհարի հետ, օրեր անց տեղեկանում են, որ զոհվել է նաև եղբոր տղան։

«Որդուս տղայի երկու տարեկանի ծննդյան օրն էր, էդ նույն օրը ախպորս տղայի լուրը բերեցին։ Երկու ախպեր իրար հետ գնացին»։

Գոհարն ասում է՝ առավոտից երեկո նկարներին նայելով տղաների հետ է խոսում, կարոտն ու ցավը ամոքել չի լինում․

«Առավոտ բարի լույս եմ ասում, ասում եմ՝ խի՛, էլի՛, խի՛։ Երեկոյան՝ բարի գիշեր եմ ասում, գնում, պառկում եմ, բայց ամբողջ 7-8 ամիս ես չեմ քնել, քնաբեր դեղեր եմ օգտագործել, որ գոնե 2 ժամ քնեմ, գիշերը վեր էի կենում, խոսում ինքս ինձ հետ»։

Գոհարն ասում է՝ որդին շատ երազանքներ ուներ, երեխաների հետ կապված ծրագրեր էր կազմում, մայրը հիշում է, որ աղջիկ թոռան ծնվելու ժամանակ որդին շատ էր ուրախացել, մեծ տոնախմբություն կազմակերպել:

«Իրա վերջին ուրախությունն էր»,- ասում է մայրն ու նշում՝ որդին լավ հայր էր, լավ ամուսին, լավ ընկեր։
«Իրա ամբողջ դրական լիցքերը տալիս էր երեխեքին՝ թե պահելով, թե պտտացնելով, հագցնելով։

Շատ բարի էր, ուզում էր բոլորին լավություն արած լիներ։ Մեքենայով գնալուց ա եղել, հարևաններին, ով ոտքով ա եղել, իրա գործը բաց ա թողել, զոռով նստացրել ա մեքենան, տարել ա իրանց տուն։ Միշտ ասում էր՝ մարդ նենց պիտի ապրի, որ իրա հետևից խոսան»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am