Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին

Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ Վարչապետը հիշեցրել է, որ Միշուստինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ռուսական կողմը խոստացել էր, որ շուտով նոր ուղիներ կբացվեն Վերին Լարսի անցակետում, քանի որ այնտեղ վերջին շրջանում գոյացել էին բազմակիլոմետրանոց հերթեր։ Խոստումն արդեն իրականություն է, և այդ հանգամանքն, ըստ Փաշինյանի,  շատ կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերություններում։

«2022 թվականի արդյունքներով՝ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է հինգ միլիարդ դոլար։ Այն շարունակում է աճել և ընթացիկ տարում մենք արդեն հատել ենք  երեք միլիադ դոլարի սահմանագիծը, իսկ տարեվերջին կգերազանցենք 2022 թվականի ցուցանիշը։ Մենք ամուր և զորեղ հարաբերություններ ունենք, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ մեր հետագա համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ»,- ասել է ՀՀ Վարչապետը։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հերթին նշել է, որ Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ համաժողովը կազմակերպության ռազմավարությանն ու հետագա զարգացմանն առնչվող հարցերի քննարկման առումով ունի կարևոր նշանակություն։

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Մենք կարևորում ենք մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Երկուստեք առևտրատնտեսական կապերը զարգանում են, ապրանքաշրջանառությունն աճում է, ինչը շահավետ է ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության առումով։ Արդյունավետ համագործակցություն կա կազմակերպության բոլոր ադամների միջև։ Ինչ վերաբերում է մյուս նախաձեռնություններին, ապա մենք ընդլայնում ենք փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում, հանքարդյունաբերության բնագավառում, լոգիստիկ տիրույթում։ Կան մի շարք ծրագրեր, որոնք առնչվում են ՏՏ ոլորտին»,- ասել է ՌԴ Վարչապետը։Միշուստինի գնահատմամբ՝ ընդհանուր տնտեսական աճի վրա դրական ազդեցություն են թողնում նաև բիզնես շրջանակների կապերը։ Ռուսական կողմն առաջարկում է խթանել համագործակցության տեմպերը բոլոր բնագավառներում, հատկապես ներդրումային ծրագրերի մասով։ Չափազանց կարևոր է նաև ազգային արժույթների օգտագործումը համատեղ նախագծերում և փոխադարձ առևտրական կապերում, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին և տնտեսությունների դիվերսիֆիկացիային։«Հումանիտար ոլորտում նույնպես առկա է արդյունավետ համագործակցություն։ Հայաստանի քաղաքացիների շրջանում կա մեծ հետաքրքրություն ռուսաստանյան բուհերում կրթություն ստանալու առումով։ Ավելի քան հինգ հազար հայ ուսանողներ այսօր սովորում են Ռուսաստանում։ Մենք նրանց կաջակցենք որակյալ ուսում ստանալու հարցում։ Չափազանց կարևորում ենք նաև ռուսաց լեզվի ուսուցման գործընթացը Հայաստանում և դիտարկում նոր դպրոցներ կառուցելու հեռանկարը։ Հայաստանից բազմաթիվ մասնագետներ ռուսաց լեզվի դասավանդման դասընթացներ  են անցնում Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ բոլոր դպրոցների համար Հայաստան կուղարկենք ավելի քան 50 հազար դասագիրք»,- նշեց Միշուստինը։