Ընդունվում են հայտեր Բրիտանական կառավարության «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար

2023թ․ սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 7-ն ընդունվում են հայտեր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում (ՄԹ) մագիստրոսական ծրագրով ուսանելու նպատակով «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար։ Հայտերը կարող են ներկայացվել chevening.org/apply կայքի միջոցով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը։

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի նախարարության, գործընկեր կազմակերպությունների և գործընկեր համալսարանների կողմից։ Այն ամբողջական ֆինանսավորում է տրամադրում 150-ից ավելի բրիտանական համալսարաններում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ միաժամանակ տրամադրելով բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային փորձառության ձեռքբերման լայն հնարավորություններ։ Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության հմտություններ ունեցող այն անհատներին, ովքեր կարող են ներկայացնել, թե ՄԹ-ում ստացած մագիստրոսի կոչումն ինչպես կօգնի հասնել իրենց նպատակին։

1983 թվականից ի վեր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորությունում ուսանելու և կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռել ավելի քան 55000 մասնագետների։ 2024-25թթ․ ուստարվա համար կրթաթոշակներ կստանան ավելի քան 1500 դիմորդներ ողջ աշխարհում։ Սա վկայում է ՄԹ-ի՝ ապագայի առաջնորդներ պատրաստելու հանձնառության մասին։