Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, դա մեզ համար կարմիր գիծ է. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, սակայն ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը կասկածի տակ դնող ցանկացած նկրտում, հայտարարություն Հայաստանի իշխանության համար կարմիր գիծ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորը հիշեցրել էր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարարի հայտարարությունները՝ այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» մասին:Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը դեմ չէ Հորադիս-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, ընդհակառակը՝ կողմ է դրան՝ համարելով, որ դա երկրի համար շատ կարևոր նախագիծ է:«Արդյոք մենք դեմ ենք տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը. ոչ կողմ ենք, կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն: Արդյոք մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրական հաղորդման գծեր. ոչ մենք դեմ չենք, ընդհակառակը՝ հետաքրքրված ենք այդ ծրագրերով: Եվ այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում: Այսինքն՝ մենք այս բոլոր նախագծերին ոչ միայն կողմ ենք, այլ ինքներս շահագրգռված ենք այդ նախագծերի իրագործմամբ: Մեզ համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն: Դա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլ նաև կարմիր գիծ է»,-ասաց Փաշինյանը:Ըստ վարչապետի՝ վերոնշյալները պետք է գործեն Հայաստանի սուվերենության և իրավազորության ներքո, նշանակում է, որ Հայաստանին պետք է բերեն մեծ եկամուտներ:Փաշինյանը հիշեցրեց, որ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որպես միջանցք՝ սուվերենության որոշակի սահմանափակմամբ, նախատեսված է միայն Լաչինի միջանցքը, Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք նախատեսված չէ:Նա նկատեց, որ շատ դեպքերում Ադրբեջանի որոշ շրջանակներ, եռակողմ համաձայնության կոնտեքստում «միջանցք» բառի զգայունությունը հասկանալով, օգտագործում են սխալ կոնտեքստներ և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ ձևավորելու համար: «Այդ իմաստով դա մեզ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև կարմիր գիծ է»,-նշեց վարչապետը:Նա վստահեցրեց՝ հայկական կողմը հենց վաղը կարող է հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:«Ուզում եմ հիշեցնել, որ արդեն երկար ժամանակ Հայաստանի կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի սահմանին, երկուսը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին: Ուզո՞ւմ են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ճանապարհ և մենք պատրաստ ենք բացել այդ ճանապարհները ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և օրենքների շրջանակներում»,-ասաց Փաշինյանը: