Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում․ ընկերության հայտարարությունը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հավաստիացնում է, որ ընկերության նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում:Ընկերությունն այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նախկինում ընկերության իրական շահառու Գլեբ տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու, քանի որ 2023 թվականի հոկտեմբերին նա օտարել է իր ամբողջ բաժնեմասը։ 

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց:

Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում պարոն Տրոցենկոյի և Ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ: 

Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները»,- ասված է հայտարարության մեջ: