Բանկերի միջոցով վճարում կատարելուց հետո վճարման կտրոնը Հարկադիր ներկայացնելու կարիք այլևս չկա. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «ֆեյսբուքի» իր էջով ներկայացրել է Հարկադիր ծառայությունում իրականացված բարեփոխումների վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները.

«Մեկ տարվա ծանր աշխատանքի արդյունքում ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն: Եվ այսպես.  

1.Մեր նոր հարթակի միջոցով միանգամից կարելի է վճարել բոլոր պարտավորությունները, ավելին՝ քաղաքացին կարող է վճարել նաև այլ անձանց պարտավորությունները:

2. Նախկինում քաղաքացու բոլոր հաշիվները կարող էին սառեցվել՝ մեկ վարույթի շրջանակում, այժմ՝ գումարի սառեցումն իրականացվում է միայն և բացառապես պարտքի չափով:

3. Բանկերի միջոցով վճարում կատարելուց հետո վճարման կտրոնը Հարկադիր ներկայացնելու կարիք այլևս չկա: Այսուհետ վճարումը կատարելուց հետո վարույթը կարճվելու է
ամենաշատը 5 րոպեի ընթացքում, իսկ հաշիվների ապաարգելադրումը կիրականացվի մեկ օրում՝ նախկին տաս օրվա փոխարեն:

4.Ապահովվել է Հարկադիր կատարման ծառայության և բոլոր մյուս պետական մարմինների ու  անհրաժեշտ մասնավոր կազմակերպությունների ծրագրերի 100% համակցումը:

5.Մեկ հպումով՝ բջջային հեռախոսի կամ համակարգչի միջոցով քաղաքացին կարող է ստանալ իրեն վերաբերող բոլոր վարույթների մասին տեղեկատվությունը:

6. Վճարումները կարող են կատարվել ինչպես վճարային քարտի միջոցով, այնպես էլ՝ մոբայլ բանկինգ հավելվածներով:

7. Ծառայության բոլոր աշխատակիցներն այսուհետ իրենց գործառույթները իրականացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով:

8. Նոր համակարգի շնորհիվ` պետական մյուս կառույցների հետ աշխատանքը դարձել է թվային. այլևս ոչ մի տեղեկանք ստանալու և ներկայացնելու կարիք չկա:

Կատարած աշխատանքները հնարավորություն կտան ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց, որի արդյունքում՝ քաղաքացին կխուսափի երկար վարչարարությունից: Քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ և արդյունավետ: