Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդրադարձը՝ մեդիադաշտում առկա գենդերային բռնությանը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բազմիցս անդրադարձել է մեդիադաշտում առկա գենդերային խտրականությանն ու բռնությանը։ Ու թեև վերջին շրջանում կանանց նկատմամբ բռնության խնդիրը դարձել է հանրային դաշտում ամենաքննարկվողներից մեկը, այնուամենայնիվ ԶԼՄ-ներում շարունակվում են հայտնվել ակնհայտ խտրական և բռնության տեսարաններով լեցուն գովազդներ, սերիալներ և լուսանկարներ։

Հերթական օրինակը օրերս համացանցը ողողած «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի լուսանկարն էր, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը: Թեև բարձրացրած աղմուկից հետո հեռուստաընկերությունը ջնջել է տեսանյութը յութուբյան իր ալիքից, սակայն այդքանով խնդիրը լուծված համարել չի կարելի։ Բազմաթիվ սերիալներ շարունակում են վերարտադրել վտանգավոր կարծրատիպեր և բռնություն՝ այդպիսով հանրությանը հրամցնելով վարքային մոդելներ։

Առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են, որ մեդիայում և հատկապես սերիալներում արտացոլած կանանց նկատմամբ խտրականությունն ու  բռնությունը  անմիջականորեն  ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա: Մասնավորապես, եվրոպական այն երկրներում, որտեղ վերահսկողություն կա մեդիայում արտացոլված բռնության տեսարանների վրա, նվազել է հասարակության շրջանում տեղի ունեցող բռնությունների քանակը: Եվ հակառակը՝ սերիալներում բռնության տեսարանների ավելացմանը զուգահեռ, ավելացել են նաև իրական բռնության դեպքերը: Դա մենք տեսնում ենք նաև հայաստանյան իրականության մեջ, երբ կնասպանության դեպքերը ավելանում են։

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փաստաթղթերի կարևորագույն մասն է: «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է անկախության առաջին տարիներին՝  1993 թվականին, լրջագույն ուշադրություն է դարձնում  մեդիադաշտի վրա, ընդգծելով, որ այն մեծ ազդեցություն  ունի հանրային գիտակցության վրա, և պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել մեդիայում կարծրատիպերի և կանանց նկատմամբ բռնության  արտացոլումները վերացնելու ուղղությամբ։

Եթե անդրադառնանք «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքին, ապա գենդերային անուղղակի խտրականության դրսևորման ձևերից է գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Եվ նույն օրենքի 8-րդ հոդվածում հստակ սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական  քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ որի գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից, քարոզչությունից հասարակության պաշտպանությունը պետության պարտավորությունն է։ 

Ավելին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օերնքի 22-րդ հոդվածով ևս հստակ արգելում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել բռնության և դաժանության պաշտանմունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելու նպատակով։ 

Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազգեցությունը հանրության գիտակցության վրա՝ պահանջում ենք․

– ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից, որի ամնիջական գործառույթն է նաև ռադիոյի և հեռուստատեսության տիրույթը, քննարկել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սերիալներում առկա բռնության կանխարգելման և ոլորտում անհրաժեշտ կարգավորումներ իրականացնելու ուղղությամբ,

– Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ իրականացնել հեռուստածրագրերի և հեուստասերիալների մոնիթորինգ, որն իրականացնելու համար հանձնաժողովն ունի կոնկրետ բաժին, և հանրայն հաշվետվություն ներկայացնել սերիալներում առկա գենդերային բռնության և դրա վերացմանն ուղղված գործուն քայլերի վերաբերյալ։