Լավրովը Պեկինում հայտարարել է ՌԴ-ի և Չինաստանի հարաբերությունների աննախադեպ մակարդակի մասին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները նրանց ղեկավարների շնորհիվ հասել են աննախադեպ մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՉԺՀ-ի իր գործընկեր Վան Իի հետ կայացած բանակցություններում։

«Մենք տեսնում ենք, որ ղեկավարների շնորհիվ ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի` առանց որևէ չափազանցության: Եվ Վլադիմիր Պուտինի վերընտրմամբ դրանց համակողմանի ամրապնդման գծի շարունակականությունը, իհարկե, լրացուցիչ երաշխիքներ է ստացել», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Լավրովի խոսքով՝ երկու երկրների ռազմավարական գործընկերությունը կառուցվում է հարգալից, իրավահավասար, վստահելի երկխոսության և երկու երկրների արմատական շահերին առնչվող հարցերում փոխադարձ աջակցության սկզբունքների հիմքի վրա:

«Եվ ինչպես արդեն բազմիցս արձանագրել են մեր ղեկավարները, համագործակցությունը գերազանցում է սառը պատերազմի ժամանակների ռազմաքաղաքական դաշինքներին, ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ», – նշել է նախարարը։

Ըստ Լավրովի՝ կողմերը նաև մեծ ժամանակ են հատկացրել «միջազգային ասպարեզում իրենց գործողությունների» քննարկմանը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի կապակցությամբ բազմաթիվ մշակութային միջոցառումներ են իրականացվում։

Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ից երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Պեկինում։