Բա եթե Հայաստանն Արցախի համար ոչինչ չի անում, Արցախը ո՞նց է գոյատևում. Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, վստահաբար ծանոթ եք հնչող կարծիքներին՝ Հայաստանի կողմից Թուրքիային տրամադրված հումանիտար ու փրկարարների տեսքով օգնության վերաբերյալ։ Ձեր գնահատմամբ՝ ճի՞շտ էր այս իրավիճակում Թուրքիային նման օգնություն ցուցաբերել։ Կարծիքներ են հնչում, որ ձեր քաղաքական թիմը արդեն երկու ամիս շրջափակված Արցախին հումանիտար օգնություն չի ցուցաբերում, բայց Թուրքիային առանց վարանելու օգնեց։

– Միանշանակորեն կողմ եմ Կառավարության որոշմանը․ ընդհանրապես, դա հումանիտար խնդիր է, եթե որևէ մեկը, անկախ նրանից, թե որ երկրում է ապրում, շատ վատ հարաբերությունների մեջ է իր հարևանի հետ, տարիներով չեն խոսում իրար հետ, ու օրերից մի օր նրանցից մեկի տունը վառվում է, ու մյուս կողմը գիտի, որ տանը մարդ չկա, ու երկու երեխա է տան մեջ, չպիտի՞ գնա փրկի, պիտի գնա փրկի։

Հնարավոր է՝ համեմատությունն այնքան էլ ադեկվատ չէ, բայց բոլոր դեպքերում․ հիմա մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունենք այն հարաբերությունները, ինչ ունենք, այնտեղ հումանիտար աղետ է, համամարդկային խնդիրների հետ կապված դրսևորում պետք է ցուցաբերես։ Մենք առաջարկել ենք մեր օգնությունը, նա էլ պաշտոնապես ընդունել է, մեր քայլն ավելի շատ համամարդկային դրսևորում է, ու ես շատ եմ զարմանում, որ մեր հայրենակիցները, լրագրողները արտահայտում են հակառակ կարծիքը: Իհարկե մի կողմ եմ թողնում մեր այն հայրենակիցներին, որոնք անձնական ցավ ու վիշտ ունեն, նրանց պահվածքը հասկանալի է, բայց շատ-շատերի պահվածքը հասկանալի չէ։

Ինչ վերաբերում է հնչող կարծիքներին, թե ինչու Հայաստանը հումանիտար օգնություն չի ուղարկում Արցախին․ բա եթե Հայաստանն Արցախի համար ոչինչ չի անում, Արցախը ո՞նց է գոյատևում, հետաքրքիր է։ Հայաստանը 300 մլն դոլարից ավելի փող է տրամադրել Արցախին՝ իր եղբայրներին, բա դա օգնությո՞ւն չէ, դա հսկայական մեծ գումար է։ Միջազգային հարթակներում որ անընդհատ այդ հարցը բարձրացնում է ու անընդհատ խորանում է այդ ուղղությամբ, ու արդեն որոշակի արդյունքներ կան այդ ուղղությամբ, որոշ ապրանքներ խաղաղապահների օգնությամբ անցնում են, բա դա Հայաստանը չի անում, բա ո՞վ է անում, իհարկե Հայաստանն է անում։

– Այսինքն՝ անհի՞մն եք համարում մեղադրանքները, որ Հայաստանն այս օրերին չի օգնում շրջափակված Արցախին։

– Իհարկե, ես կրկին ասում եմ՝ մի կողմ եմ թողնում մարդկանց, որոնք ունեն անձնական ողբերգություն ու քննադատական խոսք են հնչեցնում, հասկանում ու ըմբռնում եմ, բայց քաղաքական սթափության, լրագրողական սթափության իմաստով նման հարցադրումներ անել ու դատապարտել իշխանությանը նույնիսկ անհասկանալի է ինձ համար։

– Պարո՛ն Աղազարյան, դուք ասում եք՝ հումանիտար աղետ է, երեխաներ են տուժում, մարդիկ էլ ասում են՝ Արցախում ևս երեխաներ են տուժում, այնտեղ ևս հումանիտար աղետ է, որը ստեղծվել է նույն Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքով, իսկ այդ պայմաններում մենք օգնում ենք Թուրքիային։ Տրամաբանական չե՞ք համարում այս քննադատությունը։

– Մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, ու Թուրքիան էլ կանգնած է Ադրբեջանի թիկունքին, հիմա կրակոցներ չեն հնչում, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, պատերազմական ակտից էլ ավելի ուժեղ ու վատ է, բնականաբար։ Բայց հիմա, պատերազմի մեջ գտնվելով, հակառակորդն ինչ-ինչ հանգամանքներով քեզ գերի է ընկնում՝ դու իրեն պետք է սպանե՞ս, թե՞ բուժես։

– Դե, մենք բուժում ենք, բայց նույն Ադրբեջանը մեր գերիներին խոշտանգում է։

– Ապրես, մենք բուժում ենք, որովհետև մենք այդ մակարդակն ունենք, իրենք էլ այդ վայրենի մակարդակն ունեն, թող իրենք էլ այդ ձևով ներկայանան աշխարհին, աշխարհն էլ թող իր ընտրությունը կատարի։

Մենք չպետք է ասենք, որ իրենք այդպես են անում, մենք էլ նույնը պետք է անենք, ո՞նց կարելի է վիրավոր մարդուն անօգնական թողնել, թեկուզ քո հակառակորդը լինի, իրեն պետք է բուժես և հետո դատես, օրինակի՝ համար, եթե ինքը ոչ թե ռազմագերի է, այլ դիվերսանտ։

Պատերազմը պատերազմ է՝ հասկացանք, բայց մարդկային դեմքդ չպետք է կորցնես, որը կորցրել է Ադրբեջանը՝ շրջափակման մեջ պահելով տասնյակ հազարավոր մարդկանց ու երեխաների Արցախում։

– Ըստ ձեզ՝ Հայաստանի այս քայլից հետո Թուրքիան իր դիրքորոշումը, վերաբերմունքը կփոխի՞ Հայաստանի ու Արցախի վերաբերյալ եղած հարցերում։

– Բնականաբար մենք սա չենք արել, որ իրենց վերաբերմունքը փոխվի, արդեն ասացի՝ մեր դրդապատճառը որն է, բայց, անկասկած, շատ դրական ազդեցություն կունենա, երբ դու անընդհատ բարին ես քարոզում ու դրանով առաջնորդվում, դիմացինդ պետք է ճշգրտում մտցնի իր պահվածքի մեջ։ Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է անտեսենք մեր պաշտպանունակությունը բարձրացնելուն միտված քայլերը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am