Համացանցում տարածվել է հերթական տեսանյութը հերթական վիրավորանքներով։ Այս անգամ միջադեպը կապված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:
Հետաքրքրական է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց պաշտպանել համակուսակցին, գուցե չնկատելով անգամ, որ իր իսկ տեքստում քաղաքացուն «ոչնչություն» անվանելով փաստացի շարունակեց վիրավորանքների նույն շղթան, որի ընթացքին արագություն հաղորդողն էլ ժամանակին նաև ինքն է եղել:
Ինչևէ, այս ամբողջ պատմության մեջ ակնառու է մի բան՝ որքան էլ բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական այրերը հայտարարեն, որ նման վարքը անպատիժ չի մնալու, արդեն այսօր կարելի է հստակ ասել. նման վարքը շարունակելու է ժամանակ առ ժամանակ հանրային դաշտը ալեկոծել, քանի որ սա արդեն մեր քաղաքական պայքարի մի մասն է, մասնագիտական լեզվով ասած՝ նորմա։
Լրագրողները չեն թողնի ստեմ։ Բոլորը գիտեն, որ դեռ շատ տարիներ առաջ Ազգային ժողովում կարելի էր հանդիպել անհատների, որոնք ի պատասխան լրագրողի հարցի՝ կարող էին հայհոյանք տեղալ: Բայց սա լուսանցքից դուրս պահվածք էր համարվում։ Գուցե նաև այն պատճառով, որ չկար քաղաքական պայքար։ Այսօր պայքարը կա, բայց այն հենված է զրո գաղափարների վրա։ Ոչ ոք ոչինչ չունի առաջարկելու, բացի այն մտքից, որ դիմացինը վատն է։
Հոգեբաններն առանձնացնում են ագրեսիայի տարբեր դրսևորումներ։ Դրանցից մեկն էլ դիմացինին վարկաբեկելն է։ Ենթադրվում է, որ այն ավելի հատուկ է կանանց, քանի որ կանայք այնքան էլ հակված չեն ֆիզիկական ուժ գործադրելուն և նախընտրում են պայմանական հակառակորդին վատ խոսքեր շռայլել, մեջքի հետևից վատ բաներ խոսել, այսպիսով ոչնչացնել նրա հեղինակությունը։
Ագրեսիայի այս տեսակը, անկախ նրանից, հատուկ է կանանց, թե ոչ, համապատասխան պայմանների առկայության դեպքում հանգիստ կարող է տարածվել ամբողջ հասարակության մեջ։ Լավ նորությունը այստեղ թերևս դեռ միայն մեկն է՝ մարդիկ իրար վրա չեն կրակում։
Վատ նորություններն ավելի շատ են։ Առաջինը՝ նման ագրեսիան ավելի քիչ ֆիզիկական վնաս է պատճառում դիմացինին և կիրառողին, ռիսկերը ցածր են, պատիժը՝ խորհրդանշական, ըստ այդմ՝ այն դառնում է ավելի հեշտ կիրառելի։ Այս ամենին գումարվում են համացանցի աղմուկը և այն փաստը, որ մարդիկ հաճախ իրար դեմ դիմաց չեն կանգնած։ Արդյունքում՝ այս վարքը վիրուսի պես սկսում է տարածվել ամբողջ հասարակության մեջ։ Կողքից էլ վիճակը թեժացնում են տարատեսակ բլոգերներն ու վլոգերները, որոնք նեղություն չեն քաշում հետևել սեփական խոսքին, քանի որ փաստացի անպատիժ են մնում։
Մեկ այլ վատ նորությունն այն է, որ նման վարքը հատուկ է հասարակության ամենատարբեր շերտերին։ Կլինի իշխող կուսակցության թե ընդդիմության ներկայացուցիչ, թքել-մրելը, միևնույն է, օգտագործվում է որպես դիմացինին վարկաբելուն ուղղված զենք։ Մի տարբերությամբ, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց վիրավորած անձանց պատժելու ավելի շատ լծակներ ունեն և հաճախ կիրառում են դրանք լծակի թույլ տված ամենախիստ մեթոդներով։
Այս ամենը էլ ավելի է նորմալացնում հայհոյանքով միմյանց դիմելու «նուրբ արվեստը»։ Դու չես կարող գրել, որ ահավոր վիրավորված ես թուքումուրից, եթե ինքդ հաճախ շռայլում ես այդ նույն թուքումուրը՝ բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով։
Մեր հասարակությունն իր էությամբ խորապես միատարր է, երբ խոսքը գնում է սոցիալական շերտերի մասին։ Մենք չունենք պատմական արմատներով ինչ-որ խավ, որը հին իշխանական տոհմի շարունակությունն է, ըստ այդմ՝ նրանց կարելի են ինչ-որ բաներ, որ չի կարելի մյուսներին։
Բոլոր իշխանություններն էլ եկել են ներքևից, ժողովրդի ծոցից, ըստ այդմ՝ նրանց կողմից կիրառված վարքը անմիջապես ընկալվում է որպես նոր նորմա։ Մարդիկ մտածում են՝ եթե նրանց կարելի է, ուրեմն իրենց էլ է կարելի։ Այսպես սկսվում կամ ուժգնանում է հայհոյանքի շրջապտույտը քաղաքական դաշտում։
Այն աղմկում է լրատվամիջոցների մեջ՝ թույլ չտալով քաղաքացուն նկատել, որ փաստացի ոչ ոք ոչինչ չի առաջարկում, չկա ոչ մի հստակ նախագիծ, թե ինչ ենք անելու վաղը կամ թեկուզ այսօր․․․ Միայն հարայ-հրոց։ Կիսաբաց ազգային ժողովներ, կիսաբաց հանրահավաքներ, կիսաբաց ուղիղ եթերներ․․․
Բայց ուզում եմ վերադառնալ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին։ Տեսանյութում մի բան հստակ երևաց, որը, սակայն, քաղաքական ուժերը հետևողականորեն չեն ուզում նկատել։ Տրանսպորտում գտնվող մարդիկ սկսեցին կռիվ անել վիրավորող տղայի հետ։ Չէ՛, չէին պաշտպանում իշխող ուժի ներկայացուցչին։ Ասում էին՝ իջեք, գնացեք մեզնից հեռու, ինչ ուզում եք արեք։
Բացառապես էժանագին հավերի պես հայհոյանքներով և վիրավորանքներով ուժգին ներարկված քաղաքական դաշտը հակակրանք է առաջացնում և շարունակելու է առաջացնել հանրության մեծ մասի մոտ։ Հանրությունը փորձելու է պաշտպանվել այս աղմուկից՝ տարանջատելով «մեզ» և «նրանց»։
Ու այդ նրանց, օտարի, մեզ հետ կապ չունեցողի մեջ մտնելու են բոլոր աղմկարարները՝ անկախ քաղաքական դիրքորոշումից։ Սա բերում է ապատիայի ավելի խորացման, որը թերևս ավելի ու ավելի է նման շեքսպիրյան դրամատիկ հերոս Մերկուցիոյին, որը սեփական մահացու վերքը ձեռքով պահած անիծում է իրեն այդ օրը գցած երկու տներին էլ. A plague o’ both your houses:
Լիանա Խաչատրյան
MediaLab.am