Ալավերդիի պատմությունը սպասում է Իջևանին, որտեղ ամբարտակը 40 տարի է՝ սարքած է, բայց քանդվելու է. Անտառագետ Մեխակ Սայադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն, էկոլոգ, անտառագետ Մեխակ Սայադյանը

– Պարո՛ն Սայադյան Լոռու ու Տավուշի մարզերում գետերի վարարման հետևանքով առաջացած հեղեղումների պատճառած վնասները կարո՞ղ էին ավելի քիչ լինել, կանխարգելիչ քայլերի կարիք կա՞ր:

– Պետք է նախ նշեմ, որ գետերի հունին չի կարելի ձեռք տալ, գնում են ու հունին են ձեռք տալիս, դա արվել է նախկինում, արվում է նաև հիմա ու ավելի վատ ձևով։ Ապրիլի 19-ին հայտարարություն են տարածել, որ ««ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում, էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից: Վերջինս կարող է Ձորագետ և Դեբեդ գետերի վարարումների պատճառ դառնալ»: Բայց եթե անգամ այդ ջրթողն էլ չանեին, հնարավոր էր, որ այդ ամբարտակները պայթեին, ու ավելի սարսափելի հետևանքներ լինեին։ Որ ասում են՝ տիղմ է գնացել, դա հետևանք է նրա, որ չեն մաքրել, այս տարի մաքրման ոչ մի աշխատանք չի կատարվել, կուտակված ամբողջ աղբն ու տիղմը գնացել է հիմնականում Ալավերդի քաղաք: 

Տավուշում արդեն այլ ձևով է, որովհետև ծախս չեն անում, չեն ուզում ծախս անել, ամեն տեղ խնայողություն են արել և՛ այն ժամանակ, և՛ հիմա, դրա համար էլ այս ամենը եղավ։ Որտեղ որ պատնեշներ են անում, այդ տեղերում ջուրը սկսում է շատ արագ գնալ, իսկ որ պատնեշներ չեն լինում, գետն իրեն հանգիստ է դրսևորում։ Իջևանում գետի հունը՝ պետության բացառիկ սեփականությունը, ինչ-ինչ խախտումներով տվել էին համայնքին, համայնքն էլ ընդամենը 4 հազար քառակուսի մետր մոտավորապես տրամադրել էր գինու գործարանին։ 

Ալավերդու անտառների հատումները բերել են անտառային հողերի ճահճացման։ Քաղաք լցված տիղմի մի մասն էլ անտառներից քշված, ճահճացած հողերն են։

Նույն Ալավերդիի պատմությունը սպասում է Իջևանին, որտեղ ամբարտակը 40 տարի է՝ սարքած է, բայց վերջը քանդվելու է: Հարյուր անգամ առաջարկել եմ՝ կամուրջը թողնել, այդ ամբարտակի երեք սեկցիաներից գոնե մեկը քանդել, ջրին տալ իր իսկական հանգիստ վիճակը։ Գալիս կուտակվում է ու միանգամից սեղմում է, վերջ, այդ բետոնը մի օր հոգնելու է։ Այսինքն՝ եթե 25-30 միլիոն դրամ ծախսեն ու այդ մեկ սեկցիան գոնե բացեն, ավելի էժան է լինելու, քան հետո 30-40 միլիոն դոլար ծախսեն, մարդկանց օգնություն կամ տան, կամ չտան։ 

Ամբարտակները շատ սխալ են սարքում, մաքրման կայաններ չեն սարքում, հենց այնպես ջրավազաններ են սարքում, իսկ մեր գետերը կոշտ բերվածքով գետեր են, մարդիկ էլ խոզի պես ինչ ասես լցնում են, գետն էլ դառնում է աղբանոց։ Նույն ձևով Դեբեդ գետն է կեղտոտ, Աղստևն է կեղտոտ, սարսափելի կեղտոտ է, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ են անում, մասնագետներին չեն լսում բացարձակապես։ 

Բոլոր ջրավազանները կառուցված են առանց մաքրման կայանների, բոլորն անխտիր, Հայաստանում ինչքան ավազաններ կան, ոչ մեկը մաքրման կայան չունի, թանկ հաճույք է դա, բայց անհրաժեշտ, եթե մաքրման կայաններ ունենային՝ այսպիսի կատակլիզմներ չէին լինի։ Ամեն ինչ անտերության է մատնված, սա միանշանակ է։ 

– Ծառահատումների մասո՞վ էլ է ամեն բան աչքաթող արված, ինչպես ասում եք, որովհետև մշտապես այդ թեմայի վերաբերյալ բարձրաձայնում եք։ 

– Այդ մասով էլ ամեն բան արվում է անտերավարի, անտառտնտեսություններից օպերատիվ կերպով հեռացվեցին մասնագետները, տնօրեններ և անտառապետներ, բոլոր պաշտոններում նշանակված են իրենց մարդիկ՝ ոչ մասնագետ, կիսագրագետ, որոնք բացի իրենց աշխատավարձից ոչնչի մասին չեն մտածում։ 1991 թվականից սկսվեց անտառներից օգտվելու գործընթացը, որը տաքանալու համար վառելափայտ օգտագործելուց վերափոխվեց եկամտաբեր բիզնեսի։

Դրանով սկզբից սկսեցին զբաղվել անհատ ճարպիկներ, այնուհետև այս բիզնեսով սկսեցին զբաղվել փողատեր և ամուր մեջք ունեցող մարդիկ։ Ծառահատումների գործընթացը կատարվում է անտառագիտության բոլոր կանոններին հակառակ։ Հայաստանի բոլոր անտառներն ունեն ռեկրեացիոն (հանգստի և հողապաշտպան) նշանակություն, հեկտարներով անտառ են հատկացնում անհատ մարդկանց, իբր թե ծերացած անտառ է, պետք է հատվի, բայց մասնագիտական ոչ մի քննություն չեն արել, չգիտեն, չեն հասկանում, որ ջուր են հանում շրջապտույտից։ 

Անտառի ամեն մի ծառը և թուփը իր մեջ պարունակում է որոշակի քանակությամբ ջուր, սկսած արմատներից, բնից (ցողունից), վերջացրած տերևներով։ Ավելի շատ ջուր պարունակում են արմատները։ Հասուն ծառերն իրենց մեջ պարունակում են մի քանի (մինչև 10-15) տոննա ջուր։ Յուրաքանչյուր բույս, լինի ծառ կամ թուփ, հանդիսանում է յուրօրինակ պոմպ, որը խորքային և մակերևութային արմատներով քաշում է ջուրը հողից, վերցնում մակերևութային շերտերից, կատարում շրջանառություն, գոլորշիացնում և նորից վերադարձնում ազատ բնություն, այսինքն՝ մեր անտառները կատարում են ջրի պահպանման, շրջանառության և բնության ամենամեծ հրաշքի՝ ֆոտոսինթեզի երևույթի ֆունկցիան, որի ժամանակ արտադրվում է գոյության համար անհրաժեշտ տարրը՝ թթվածինը։ 

Իսկ այս տարիներին հատվել են միլիոնավոր ծառեր, այսինքն՝ ոչնչացվել են միլիոնավոր պոմպեր, և կանոնավոր շրջանառությունից դուրս է մնացել միլիարդավոր տոննաներով ջուր։ Պարզ է, որ բնությունն իր հասանելիք ջուրը պիտի բերեր և ցիկլոնի տեսքով թափեր։ Ամեն ինչն անում են հակառակ, մեր առաջարկներին էլ ականջալուր չեն լինում, իսկ համակարգում, արդեն ասացի, որ մասնագետներ չկան, երևի մի երկու հոգի են մնացել։ Եվ քանի որ հատվել և դեռ հատվում են անտառները, նման ջրհեղեղները լինելու են շարունակական, և վերջապես բերելու են աղետի՝ մաշկազերծված երկրի տեսքով։

– Պարո՛ն Սայադյան, իսկ անտառահատումներն ի՞նչ նպատակով են արվում։

– Անտառտնտեսությունը դա չի անում, տարածքները տալիս են մասնավոր մարդկանց, պարզ է, որ այդ մարդիկ էլ ունեն թև-թիկունք, դրա համար էլ անխոչընդոտ կտրում են ծառերը։ Գերաններն են վաճառում, ճյուղերը՝ որպես վառելիք։ Անտառ չեմ էլ մտնում, որովհետև տեսնելու բան էլ չկա, Բուսաբանական այգուն ոչ մեկն էլ բանի տեղ չի դնում, Երևանի բուսաբանական այգին ձեզ օրինակ, այնտեղ էլ են տարածքներ խլում։ 

Անտառից հատված ծառերի թվային տվյալներ, ես, ցավոք, չեմ կարող ասել, բայց մեծ ծավալի է, և ընտրվում են ամենահարմար տեղերի ամենալավ ծառերը։ Ոչ թե հիվանդ ծառերն են կտրում կամ անտառում թափված ծառերն են հավաքում տանում, այլ ընտրում են ամենալավերը, ընտրում են մի տարածք, ասենք՝ մեկ կամ երկու հեկտար, ամեն մի հեկտարի վրա 150-200 լավ ծառ կա, ու այդ բոլորը կտրում են։ Ու այդ ամենի տեղը ոչ մի ծառ չեն տնկում, կամ գրանտներով ինչ-որ ծրագրեր են իրականացնում, բերում են իբր ծառեր են տնկում, որոնք չորանում են։ 

Թատրոն են անում, անտառ տնկելու հողը պետք է պատրաստ լինի աշնանը, իսկ սրանք գալիս են գարնանը, խոտերի մեջ ճղճղում են, ծառեր են տնկում, ու չի կպնում, 90 տոկոսը չորանում է, մնացածն էլ դառնում են նոսր ինչ-որ բաներ, ու դրանք էլ են ոչնչանում։ Անտառը նախ տնկում են հեկտարով, իսկ նրանք քանակով են ասում, ինչն անտառավարման բոլոր կանոններին անհամապատասխան է։ Անտառը շատ լուրջ համակարգ է, ինչը փչացնում ու փչացնում են։

– Անտառների նման ոչնչացման հետևանքները որո՞նք են լինելու։

– Հետևանքը լինելու է մաշկազերծված երկիր, չի լինելու ծառ, չի լինելու ջուր, խորշակներ կլինեն, էրոզիա կլինի, կունենանք ջրի խնդիր։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am