Այս շարժումը կարող է տրանսֆորմացիա ապրել, բայց չմարել, որովհետև ծնվել է ճգնաժամից, որը չի հաղթահարվել. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, այն քաղաքական գործիչն եք, որը մշտապես նշել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քաղաքական բաղադրիչը շատ թույլ է, Բագրատ Սրբազանը ներկայացրել է անցումային կառավարության երեք հետևյալ գործառույթները, որոնք ընդհանուր առմամբ երեքն են. հաշտության կառավարություն, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում, արտահերթ ընտրությունների նախապատրաստություն: Ձեր գնահատականն եմ խնդրում վերոնշյալ գործառույթների վերաբերյալ։

– Արձանագրենք, որ ես այս շարժման աջակից եմ, ու իմ մտահոգությունները սրտացավության հարթությունում են, այսինքն՝ ես փորձում եմ եղած բացերը նկատել՝ անհրաժեշտ լուծումներ առաջարկելու նպատակով։ Իմ ասածը դարձյալ մնում է ուժի մեջ, որովհետըև անցումային կառավարության գործառույթը, որպեսզի կարողանանք ֆորմալացնել, նախ պետք է նշվի այն գործիքակազմը, որով հասնում ենք անցումային կառավարության ձևավորմանը, իսկ այդ գործիքակազմերը շատ չեն։ 

Եթե մենք ապրեինք քաղաքակիրթ երկրում, իշխանությունը կգիտակցեր իր ձախողումը, կառաջարկեր ընդդիմությանը կամ շարժմանը ստեղծել անցումային կառավարություն այս գործառույթներով, որ նշել է Սրբազանը, ու կնշանակվեր արտահերթ ընտրություն։ Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ կա իշխանություն, որն ամեն գնով իր իշխանությունը պահելու խնդիր ունի, մնում է երեք տարբերակ, դա է՝ քաղաքական բաղադրիչը, օրակարգը, ինչի մասին ես խոսում եմ։ 

Այդ տարբերակներն են՝ իմփիչմենթը, Փաշինյանին հրաժարականի հակելը կամ փողոցում երկիշխանություն ստեղծելը, այսինքն՝ այդ անցումային կառավարության մարմնավորումը երկիշխանության ձևով փողոցում, ինչպես եղել է 1988-1990-ական թվականներին։ Իմ ասած երրորդ ճանապարհն էլ տանելու է պատային իրավիճակի, ի վերջո, իրավիճակի հանգուցալուծում արտահերթ ընտրություններով։ 

Բայց այս երեքի կարևոր նախապայմանը հոծ բազմությունն է, որովհետև եթե իշխանությունը հրաժարական տալու ցանկություն չունի, պետք է հստակ այս գործիքակազմերը նշեն, փորձեն դրանցով փողոց մոտիվացնել ու խնդիրները լուծել, որովհետև առանց փողոցի անցումային կառավարությունն էլ, նրա երեք սկզբունքն էլ, իմ նշած գործիքակազմերն էլ տեսություն են մնում։ 

– Իսկ մարդկանց անհրաժեշտ բազմություն կհավաքվի՞, որ իշխանությանը հակեն հրաժարականի։

– Ես իսկապես ուզում եմ, որ այս շարժումը հաջողվի, և ուզում եմ ընտրվի ամենաարդյունավետ ու անխոցելի ճանապարհը։ Իմփիչմենթի հեռանկարին շատ քիչ եմ հավատում, որովհետև որևէ նշան չկա այս պահին, որ իշխանությունը ճաքեր է տալու, իսկ դա միայն այդ պարագայում է լինելու: 

Փաշինյանի ինքնակամ հեռացումը, ինչպես տեսնում եք, ևս չի լինելու, հետևաբար ես՝ որպես կուսակցության ղեկավար, քաղաքագետ, կառաջարկեի պայքարի միջնաժամկետ տարբերակը, որը գուցե մի քիչ տքնաջան է, կրեատիվ լուծումներ է պահանջում, բայց դա շարժման ինստիտուցիոնալացումն է, ուժեղ քաղաքական հարթակի ձևավորումը ու երկիշխանության ինստիտուտների ձևավորումը, որի մեջ է մտնում նաև ժամանակավոր կառավարությունը: 

Ի վերջո մենք պետք է հասնենք մի վիճակի, որ իսկապես փաստացի երկրում լինի երկիշխանություն, ու իշխանությունն այլ ելք չունենա, քան հեռանալը կամ արտահերթ ընտրություն նշանակելը։ Սա է երրորդ ճանապարհի տրամաբանությունը, որ ես առաջարկում եմ, հստակ ճանապարհային քարտեզն ունեմ, եթե շարժման հարթակը կկանգնի այս տարբերակի վրա, որովհետև մյուս տարբերակները այս պահին կարծես հասանելի չեն: Բնականաբար, ոչ միայն այդ քարտեզը կհանրայնացնեմ, այլ նաև կստանձնեմ դրա պատասխանատվությունը ու ամեն ինչով շարժմանը կաջակցեմ, բայց վերջին խոսքը, բնականաբար, Սրբազանինն է։ 

– Պարո՛ն Սուրենյանց, հունիսի 9-ին շարժումը հանրահավաք է հրավիրել, նշվում է, որ վճռորոշ հանրահավաք է լինելու, ի՞նչ ակնկալիքներ ունենա հանրությունը։

– Իմ ասած երեք գործիքակազմերի հետ հասարակության հետ շատ անկեղծ զրույց է պետք ու այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր, օրինակ՝ իմփիչմենթ սկսո՞ւմ ենք, թե՞ ոչ, եթե իմփիչմենթ չի լինելու՝ արդյոք ընդդիմադիր պատգամավորները պատրա՞ստ են վայր դնել մանդատները, դրանով նպաստել երկիշխանության ռեժիմին։ 

Սրանք թեմաներ են, որ արդեն պետք է հստակ՝ որպես քաղաքական օրակարգ ներկայացվեն ամսի 9-ին, որովհետև եթե չկա հստակ քաղաքական օրակարգ, լոկալ ակցիաները չեն կարող շատ մարդ կոնսոլիդացնել ու գլոբալ արդյունքներ ունենալ։ 

– Իշխանության գնահատականներով՝ շարժումն արդեն մարած է, համամի՞տ եք։ 

– Այս շարժումը չի կարող մարել, կարող է հարթակը փոխվել, տրանսֆորմացիաներ ապրել, բայց որպես շարժում չի կարող մարել երկու պատճառով, որովհետև այս շարժումը ծնվել է երկու ճգնաժամից՝ իշխանության ճգնաժամից ու երկրի առջև ծառացած անվտանգային ճգնաժամից: Որևէ նշան չկա, որ այս երկու ճգնաժամից մեկը կարող է հաղթահարվել, ընդհակառակը՝ այդ երկու ճգնաժամն անընդհատ փողոցը սնուցելու է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am